ԵՄ-ն դատապարտել է Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունները
Նմանատիպ
Եվրոպական միությունը դատապարտել է Կիևի Անկախության հրապարակում կամ, ինչպես հայտնի է, Եվրոպական Մայդանում, ցուցարարներին ուժային մեթոդներով ցրելու փաստը: Այս մասին իր «Twitter»-ի էջում գրել է ԵՄ-ում նախագահող երկրի’ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Մենք դատապարտում ենք Կիևի Անկախության հրապարակում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելը: Բիրտ ուժի կիրառումն անընդունելի է»,- գրել է Լինկյավիչուսը:
Իր հերթին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիևում հանուն Ուկրաինայի եվրոպական ուղու ցույց կազմակերպած անձանց նկատմամբ բռնաճնշումները «խոր մտահոգություն» են առաջացնում: Այս համատեքստում նա նաև նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը:
Ուկրաինայի կառավարության կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու հետևանով Կիևի Անկախության հրապարակում’ Մայդանում, ուկրաինական ընդդիմությունը բողոքի հզոր ակցիաներ էր նախաձեռնել: Դրանց ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև գրանցվել են բազմաթիվ ընդհարումներ, որոնց արդյունքում 40-ից ավելի մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում