Ռուսական դատարանում քննվում է հակահայկական գիրքը ծայրահեղական ճանաչելու հարցը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի կենտրոնական քաղաքային դատարանում դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Ադրբեջանում հրապարակված «Հայկական ահաբեկչություն» գիրքը ծայրահեղական նյութ ճանաչելու հետ կապված դատական նիստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ գրքի հեղինակներն են հանգուցյալներ’ Ադրբեջանի գլխավոր դատախազ Իսմեթ Գաիբովը եւ «Ազերինֆորմ»-ի («ԱզերԹԱՋ») գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը:
Ըստ հետաքննության’ ՌԴ դաշնային անվտանգության Կրասնոյարսկի երկրամասի ծառայության վարչությունը հոկտեմբերի 3-ին նյութեր է ուղարկել դատախազություն երկրամասի տարածքում «Հայկական ահաբեկչություն» գրքի տարածման մասին: Նշվել է, որ այդ գիրքը Կրասնոյարսկի երկրամասում տարածում են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները:
«Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանի մասնագետների անցկացրած հոգեբանական եւ լեզվաբանական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացության համաձայն’ հրատարակության առանձին հատվածներ, ներածական մասը, ֆոտոնյութերը եւ նրանց մեկնաբանությունները հանդիսանում են կանխակալ նյութեր ուղղված’ ընթերցողի (դիտողի) մոտ «հայկական ահաբեկչության» գոյության մասին կարծիք ձեւավորելուն, ինչպես նաեւ այն մասին, որ հայկական ազգության առանձին անձանց խմբեր ամբողջ աշխարհում մարդկանց «ֆիզիկական վնասներ են պատճառում եւ նրանց վերացնում ազգային պատկանելության համար», ինչպես նաեւ նպատակաուղղված գործունեություն են տանում «ազգային եւ կրոնական թշնամություն ստեղծելու եւ բորբոքելու համար»,- ասվում է նյութում:
«ԱզերիՊրես»-ը հայտնում է, որ հղում կատարելով «էքստրեմիստական գործունեության դեմ» դաշնային օրենքին, ՌԴ շահերը պաշտպանելու նպատակով դատախազությունը ադրբեջանական հրատարակությունը ծայրահեղական է ճանաչել եւ համապատասխան որոշումն ուղարկել դատարան: Դատախազությունը դատարանին խնդրել է «Հայկական ահաբեկչություն» հրատարակությունը ճանաչել որպես էքստերմիստական նյութ եւ որոշման պատճեն ուղարկել ՌԴ արդարադատության նախարարություն հրատարակությունը ծայրահեղական նյութերի ցուցակ մտցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում