Թուրքիայում ծպտյալ հայերի մասին նոր բացահայտումներ են ներկայացվել
Նմանատիպ
Հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը’ Ռաքել Դինքը, ընթերցողների դատին է ներկայացրել Դինքի հիմնադրամի հրատարակած երկու նոր գիրք’ «Սրից փրկվածները. Թուրքիայի ծպտյալ և իսլամացած հայերը» և «Մարդինի ծանուցումները»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24-ը:
Խոսելով առաջին գրքի մասին Ռաքելը պատմել է, որ 1915 թվականից մոտ հարյուր տարի անց լրագրող, սոցիոլոգ Լորենս Ռիթերը և լուսանկարիչ Մաքս Սիվասլյանը սպանվածների ողջ մնացած թոռներին հետազոտելու նպատակով տասնյակ մարդկանց են հանդիպել Թուրքիայի արևելքում և հյուսիս-արևելքում, Եվրոպայում և Եվրոպայում: «Ինչպես ասում էր Հրանտը, «Այս երկրում ապրողների մասին ավելի բարդ է խոսել, քան մահացածների մասին»: Մինչև վերջին ժամանակները իսլամացած կամ ծպտյալ հայերի մասին խոսելը, ովքեր ապրում էին թուրքերի, քրդերի կամ էլ հայերի շրջանում, տաբու էր: Այս թեմայով խոսում էին թերևս միայն այն ծայրահեղական ազգայնական շրջանակները, որոնք փորձում էին ծպտյալ հայերին ներկայացնել իբրև ծպտյալ քաղաքական դավադրությունների մաս»,- պատմել է Դինքի այրին: Նա նշել է, որ այս հայերի թվի մասին տարբեր տվյալներ են ներկայացվում, սակայն «սրից փրկվածների» իրական պատմությունը դեռ շարունակում է մնալ չբացահայտված: «Ովքե՞ր են այս մարդիկ: Ինչպե՞ս են ապրում: Ինչպիսի՞ դժվարությունների միջոցով են անցնում, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են իրենց ներկայացնում: Այս գիրքը փնտրում է վերոնշյալ հարցերի պատասխանները հենց նրանցից: Հստակ է մի բան. նրանք երբեմն հայ են, երբեմն’ թուրք, երբեմն’ քուրդ, երբեմն’ քրիստոնյա, երբեմն’ այս բոլորը միասն և երբեմն էլ սրանցից և ոչ մեկը: «Սրից փրկվածները նոր ճեղք են բացում այն պատի վրա, որը սկսել է ցնցվել»,- պատմել է Ռաքել Դինքը:
Անդրադառնալով «Մարդինի ծանուցումներ» գրքին’ նա պատմում է, որ այստեղ ներկայացված են թանզիմաթյան շրջանից (1838թ.) մինչև միակուսակցական կառավարման 15 տարիներն (1938թ.) ընկած ժամանակահատվածը Մարդինում պետական քաղաքականության ազդեցությունը մշակութային կյանքի, կենցաղի, տնտեսության, էթնիկ և կրոնական բախումների վրա: «Այս հողերում շատ ժողովուրդներ, լեզուներ, մշակույթներ թաղամասեր ոչնչացվեցին և որքան շատ էին ոչնչանում թաղամասերը, այնքան հին քաղաքակրթությունների օրրան համարվող այս տարածքներն անապատի էին վերածվում, առատությունը, սերն ու ուրախությունը նրանց հետ անհետանում: Լեզուների պակասելուն զուգահեռ մեկտեղ այստեղի կյանքն էլ լռեց: Նման հանդիպումները, ժողովները փորձ են խախտել մահվան այս լռությունը»,- հայտարարել է Ռաքել Դինքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում