Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալին ավելի քան 6,5 ժամ հարցաքննել են
Նմանատիպ
Հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելը, ով նոյեմբերի 29-ին տարվել էր դատարան, 6.5 ժամ դատական ցուցմունք է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարցաքննությունից հետո Թունջելի փաստաբան Էրդողան Սորուքլուն լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալին հարցեր են տվել անվտանգության մարմինների հետ իր կապի վերաբերյալ: Հարցաքննության ժամանակ չի հիշատակվել Դինքի գործով կասկածյալ Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին պետ, գնդապետ Ալի Օզի անունը, ով մեղադրվում է Դինքի սպանության մասին իմանալու, սակայն այն կանխելու համար ոչինչ չձեռնարկելու մեջ: Թունջելը միաժամանակ հերքել է որևէ կապ ժանդարմերիայի ներկայացուցիչների հետ: Դինքի սպանության գործով կասկածյալից ցուցմունք վերցնելուց հետո ոստիկան ները Թունջելին կրկին բանտ են տեղափոխել:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի’ սեպտեմբերի 17-ից սկսված կրկնակի դատալսումը շարունակվելու է դեկտեմբերի 3-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը Վճռաբեկ դատարանի ընդունած որոշման հիման վրա սեպտեմբերի 17-ին Թունջելին դարձյալ ձերբակալելու որոշում էր կայացրել: Թուրք իրավապահները Թունջելին ձերբակալել էին միայն հոկտեմբերի 24-ին: Նախքան այդ թուրքական «Սթար» թերթին տված հարցազրույցում նա նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր պաշտպանության հետ կապված նոր փաստեր է պատրաստում, որոնք, վերջնականապես կարգի բերելուց հետո, կհանձնվեն ոստիկանություն: Նա ասել էր, որ պատրաստվում է հայտնել այն մարդկանց անունները, ովքեր կապ են ունեցել Հրանտ Դինքի սպանության հետ: «Դինքի սպանությունը ցույց է տալիս, որ պետության մեջ կա «Էրգենեկոն» ահաբեկչական գաղտնի կազմավորումից ավելի բարձր մի կառույց, որը շարունակաբար խոչընդոտում է այս հանցագործության բացահայտմանը: Ես այստեղ շատ փոքր մասնիկ եմ: Դինքի սպանության գործում պետք է ուսումնասիրվի Տրապիզոնի ժանդարմերիայի գործը, որի դերը հանցագործության մեջ մեծ է»,- ասել էր նա:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբնագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ողղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանություն իրագործած Օգյուն Սամասթին’ հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ’ 22,5 տարվա ազատազրկման, իսկ այդ երկուսին ուղղորդած Էրհան Թունջելին ազատ էր արձակել դատարանի դահլիճից’ մինչ դատարանի վճիռը 5 տարի կալանքի տակ գտնվելու հիմնավորմամբ: Դատական վճռում նշվել էր, որ գ ործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. Մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում