Ուկրաինայում գիշերն անցել է թեժ մթնոլորտում
Նմանատիպ
Կիեւի կենտրոնական փողոցներում մնում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք բողոքում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու եւ նոյեմբերի լույս 30-ի գիշերը Անկախության մայդանում ցուցարարներին ցրելու Ուկրաինայի կառավարության որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Վիտալի Կլիչկոն, ասել է, որ այդ ակցիան անժամկետ է. «Դրա վերջը մեկն է լինելու՝ այս նախագահի եւ այս կառավարության վերջը»: «Եվ իշխանությունը, եւ ընդդիմությունը պետք է հենց վաղվանից նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում:
Դեկտեմբերի 1-ին մի քանի հարյուր ակտիվիստներ փորձել են գրոհով գրավել նախագահի վբարչակազմի շենքը: Ընդհարումների հետեւանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ՆԱՏՕ-ի գլխաավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ուկրաինայի հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ բռնություններից, իսկ երկրի իշխանություններին՝ հարգել խոսքի եւ ժողովների ազատությունը: «Ես կոչ եմ անում Ուկրաինային՝ որպես ԵԵԱՀԿ-ի գործող նախագահի, ամբողջովին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ հարգել խոսքի ու ժողովների ազատությունները»,- ասված է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան նախօրյակին հայտարարել է, որ հանրապետության պատվիրակությունն առաջիկա օրերին կուղեւորվի Բրյուսել՝ Եվրամիության հետ վերսկսելու երկխոսությունը ասոցացման համաձայնագրի շուրջ:
Իր հերթին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն, որոնք կառավարությանը թույլ կտան ձեւավորել երկրի 2014 թվականի բյուջեն:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հույս է հայտնել, ոոր Ուկրաինայի իրադրությունը կկայունանա, եւ կողմերը կվերադառնան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին բանակցությունների սեղանի շուրջ: «Իրադրությունը դրամատիկ ընթացք ունի: Սակայն ցույցերի թափը մատնանշում է, որ վերջին տարիներին հաջողվել է հսկայական հասարակական աջակցություն ստեղծել Արեւմուտքի հետ Կիեւի ինտեգրացման ծրագրի հարցում: Դեռ երբեք ԵՄ-ի հետ մերձեցման հարցը այսքան հեռու չի գնացել: Դա տպավորություն է թողնում մեզ վրա եւ պետք է ազդի Ուկրաինայի իշխանությունների վրա»,- ասել է Լեհաստանի ղեկավարը:
Մինչդեռ Կիեւի ոստիկանությունը ցույցերի մասնակիցներից պահանջել է ազատել Կիեւի քաղաքային վարչակազմի շենքը եւ Արհմիությունների տունը, որոնք գրավվել են կիրակի օրը:
«Քաղաքացիները, որոնք գտնվում են շենքերում, իրենց գործողություններով խախտում են քրեական եւ վարչական օրենսդրության մի շարք նորմեր: Նրանց առաջարկված է կամավոր հեռանալ վարչական շենքերից եւ չբարդացնել իրադրությունը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Կիեւի քաղաքային վարչակազմը դեկտեմբերի 2-ին հաղորդել է, որ քաղաքում բողոքի ակցիաների տուժած մասնակիցների թիվը հասել է 165-ի: Նրանցից 109-ը հոսպիտալացվել են:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում եվրոպական երկրներից մեկի առաքելության դիվանագիտական աղբյուրը, Եվրամիությունը կարող է հասցեական պատժամիջոցներ սահմանել «Կիեւում ուժի կիրառման համար մեղավոր կոնկրետ անձանց» դեմ:
«Ոկրաինայի իրադրությունը լարված է եւ հուզիչ,- հայտարարել է դիվանագետը:- ԵՄ-ի երկրները տագնապով են հետեւում տեղի ունեցող իրադարձություններին: Իշխանությունները չպետք է չափից ավելի ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց դիրքորոշումն են հայտնում մայրաքաղաքի փողոցներում»:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադրությունը «մոտ ժամանակներս» Բրոյւսելում կքննարկեն ԵՄ-ի 28 երկրների մշտական ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում