Մոսկվայում ստեղծվել է ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդ
Նմանատիպ
Ռուսաստանում հայկական Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունները միավորվում են մեկ կառույցի ներքո: Մոսկվայում նոյեմբերի 30-ին անցկացվել է Ռուսաստանի ռուս-հայկական սփյուռքային կազմակերպությունների խորհրդաժողով: Կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները ակտիվորեն քննարկել են փոխգործակցության խորացմանը խոչընդոտող հարցեր և որոշել ստեղծել Կոորդինացիոն խորհուրդ: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի հայկական Սփյուռքն ամրապնդելու անհրաժեշտությունը հաշվի առնելով, որոշում է ընդունվել ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին (КСРАО)»,- այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոորդինացիոն խորհրդի մամուլի ծառայությունից:
Խորհրդի ստեղծման նպատակն է առաջադրած խնդիրների համատեղ ծրագրումը, կազմակերպումը, տեղեկատվական ապահովումը և համատեղ իրագործումը, ինչպես նաև Ռուսաստանի հայկական Սփյուռքի միասնականացումն ու հզորացումը: Կոորդինացիոն խորհրդի կազմում են ՌԴ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը, «Երկրապահ»-ը, HAYASA կրթալուսավորչական կենտրոնը, Ռուս-հայկական ստրատեգիական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը, Ռուսաստանի ջավախյան սփյուռքը, Ռուսաստանի համշենյան սփյուռքը, Արևմտահայերի ազգային կոնգրեսը, Հայկական դասական երաժշտության զարգացման միջազգային կազմակերպությունը, «Արարատ» կրթալուսավորչական կազմակերպությունը, «Մանկական ֆիզկուլտուրա-կրթական «Լիդեր»» միավորումը, ինչպես նաև Armenia-online և ArmBook կայքերը: Ստեղծվել է միայն Խորհրդի պատասխանատու քարտուղարի պաշտոն: Այդ պաշտոնում ընտրվել է Ռուս-հայկական ստրատեգիական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:
Կազմակերպության բոլոր անդամները կոչ են անում Ռուսաստանի հասարակական կազմակերպություններին, որոնք նույն նպատակներն ու խնդիրներն ունեն, միանալ ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում