Կիևի կենտրոնում ցուցարարները հերթապահում են բարիկադներում
Նմանատիպ
Ուկրաինայի գործող իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Կիեւի Անկախության մայդանում հերթապահում են բարիկադների վրա՝ զգուշանալով իրավապահ մարմինների գրոհից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՌԻԱ Նովոստին հաղորդում է իրադարձությունների վայրից, ցուցարարների կողմից հրապարակի շուրջը կանգնեցվող բարիկադներում մշտապես գտնվում է մի քանի տասնյակ մարդ: Նրանք խարույկներ են վառում եւ տաքանում թեյով: Նախագահի վարչակազմի շենք տանող ճանապարհին կանգնեցված բարիկադի առջեւ մարդիկ ասֆալտին ջուր են լցնում, որպեսզի ճանապարհին սառույց գոյանա, որը հավանաբար կդժվարացնի միլիցիայի գործողությունները ցուցարարների ճամբարի վրա գրոհելու դեպքում:
Միեւնույն ժամանակ կառավարական թաղամասի փողոցներում իրադրությունը հանգիստ է, նախագահի վարչակազմի շենքը պահպանվում է հատուկ նշանակության ուժերի աշխատակիցների կողմից: Նաեւ միլիցիայի ուժեղացված պահպանության տակ է Ուկրաինայի կառավարության շենքը:
Ընդամենը դեկտեմբերի լույս 3-ի գիշերը ցուցարարների ճամբարում գտնվում է մի քանի հազար մարդ: Ակցիայի մասնակիցների կողմից գրավված քաղաքապետարանի շենքում առաջին հարկի պատուհանները բարիկադավորվում են կահույքով: Շենքի մոտ եւ ներսում մշտապես գտնվում են մի քանի հարյուր բողոքավորներ, որոնց մի մասը քնում է հենց հատակին:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է երկուշաբթի երեկոյան, հայտնել է, որ Կիեւը մոտ ժամանակներս Եվրամիության հետ կվերսկսի բանակցությունները ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրման պայմանների շուրջ: Նա նշել է, որ ինքը դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական աշխատանքային խմբի Բրյուսել այցի շուրջ’ շարունակելու համաձայնագրի ստորագրման պայ? ?անների քննարկումը: Այդ հարցազրույցում նա հայտնել է, թե Կիեւը ցանկանում է վերանայել ԵՄ-ի հետ համաձայնագրի պայմանները, որպեսզի դրանում առավելագույնս հաշվի առնվեն հայրենական արտադրողների շահերը:
Յանուկովիչը համաձայնել է, որ Կիեւը ԵՄ-ի հետ բանակցություններում հաշվի չի առել Ռուսաստանի շահերը:
«Ինչո՞ւմ է մեզ մեղադրել Ռուսաստանը վերջին ժամանակներս: Նա մեզ մեղադրել է այն բանի համաար, որ մենք Եվրամիության հետ բանակցություններում հաշվի չենք առնում իր շահերը: Արդարացի՞ է այդ դիրքորոշումը: Անտարակույս, արդարացի է»,- ասել է նա:
Այդ կապակցությամբ նա նպատակահարմար է համարել եռակողմ երկխոսությունը Ուկրաինա-Եվրամիություն-Ռուսաստան ձեւաչափով:
Մինչ այդ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները եւ երկրի եվրաինտեգրացման կողմնակիցները պետք է զսպվածություն պահպանեն եւ թույլ չտան բռնություններ:
«Այդ իրադարձությունների ժամանակ բռնությունն անթույլատրելի է, լրագրողների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է: Մենք շարունակում ենք հորդորել կողմերին՝ հանգստություն պահպանել: Կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին՝ ապահովել իրենց կարծիքն արտահայտելու մարդկանց հնարավորությունը»,- ասել է Փսակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում