Ադրբեջանը նոր ռազմական դաշնակից ունի
Նմանատիպ
Ադրբեջանի եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունները պաշտպանության ոլորտում համագործակցության ոլորտում փոխըմբռնման Հուշագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով հարավկորեական Yonhar լրատվական գործակալությունը, Հարավային Կորեայի իր գործընկեր Կիմ Կուան-Ժինի հետ Սեուլում Հուշագիրը ստորագրել է այցով այդ երկրում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Հարավային Կորեայի միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմական կապերի եւ համագործակցության ընդլայնման ուղիները: Հարավային Կորեա կատարած եռօրյա այցի ընթացքում ադրբ եջանցի նախարարը կհանդիպի Կորեայի զինված ուժերի պաշտպանական մատակարարման վարչության տնօրենի եւ շտաբների պետերի Կոմիտեի նախագահի հետ:
Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կորեայից 3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ երկու սուզանավ, էսկադրային ականակիր, ռազմափոխադրական նավ, T-50 ուսումնավարժական ինքնաթիռներ, SAU K-9 տեսակի 155 մմ տրամաչափի հրթիռանետներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, կրակը ղեկավարող համակարգեր եւ այլ զինատեսակներ ու սպառազինություն գնել:
Հարավկերոական Hanguk Ilbo թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն բացասաբար է վերաբերվել Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությանը, եւ այդ երկրի պաշտպանության նախարարությանը խորհուրդ է տվել «հատուկ զգուշավորություն եւ լրջություն ցուցացաբերել» Բաքվի առաջարկի հանդեպ: Թերթն ընդգծել է, որ Սեուլը պետք է զգույշ լինի, քանի որ Հարավայի Կորեան չի ցանկանում փչացնել Հարավային Կովկասում հատուկ շահեր ունեցող Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները, եւ փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Թերթը մեջ բերել էր Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչի հետեւյալ խոսքը. «Պարզ է, որ Ռուսաստանը միանգամայն բացասաբար է վերաբերվելու մեր օգնությամբ իր ռազմական հնարավորությունները մեծացնելու Ադրբեջանի ջանքերին»:
Virtualaz.org լրատվական կայքին հայտնի է դարձել, որ Զաքիր Հասանովը Սեուլ է մեկնել «միլիարդավոր դոլար արժողությամբ զենք գնելու բանակցություններ սկսելու» համար: Կայքը Հասանովի’ Հարավային Կորեա այցը կապում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի’ Հայաստան կատարած այցի հետ, որի ընթացքում ՌԴ նախագահն այցելել է նաեւ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում