Քուրդ առաջնորդը սպառնում է Էրդողանին պատերազմով
Նմանատիպ
Եթե Թուրքիայի ղեկավարությունը շարունակի չկատարել քրդական խնդիրը լուծելու մասին PKK-ին տված իր խոստումը, ապա Թուրքիայում պատերազմ կլինի: Սրա մասին հայտարարել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային թև համարվող Քուրդիստանի համայնքների միության (KCK) ղեկավար խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի «Յուքսեքովա հաբեր» լրացումին տված հարցազրույցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քուրդ առաջնորդը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է այն բանում, որ քրդական խնդրի լուծման հարցում իր անգործությամբ «ԱԶԿ-ը իրենց առաջ պատերազմից բացի այլընտրանք չի թողել»:
«Եթե այսպես շարունակվի, իհարկե, Թուրքիայում պատերազմ կլինի: Մենք ժամանակ ենք նշել մինչեւ գարուն: Եթե մինչեւ գարուն PKK-ի առաջադրած պայմաններով բանակցություններ սկսվեն, կշարժվենք խնդրի լուծման ուղղությամբ: Հակառակ դեպքում’ մենք այսպես այլեւս չենք կարող շարունակել մեր գործը»,- սպառնացել է նա:
Իմրալի բանտում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկու տարի անցկացված բանակցություններից հետո Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը խոստացել էր ամենակարճ ժամանակում լուծել քրդական խնդիրը: PKK-ն դրա դիմաց հրադադար էր հայտարարել եւ անգամ սկսել զինված իր ջոկատները դուրս բերել Թուրքիայի տարածքից: Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկու ամիս առաջ «Բարեփոխումների ծրագիր» էր հրապարակել, որտեղ քրդական խնդրի լուծման ուղղությամբ մի քանի ոչ էական առաջարկություններ էր արվել: PKK-ի առաջնորդները բազմիցս զգուշացրել են, որ եթե Թուրքիայի ղեկավարությունը շարունակի քրդական խնդիրը լուծելու խուսափողական քաղաքականությունը, ապա PKK-ն կշարունակի քրդերի ինքնավարության հասնելու իր զինված պայքարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում