Իսրայելը 3 տարվա մեջ առաջին անգամ նախարար է գործուղել Թուրքիա
Նմանատիպ
Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Ամիր Պերեցը թուրք-իսրայելական հարաբերությունների’ արդեն երեք տարի լարված պայմաններում ժամանել է Թուրքիա: Իսրայելի նախարարը պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին Ստամբուլում անցկացվելիք «Միջերկրական ծովի աղտոտման դեմ պահպանության վերաբերյալ համաձայնություն» կոչված հավաքին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, «Մավի Մարմարա» նավում երեք տարի առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ լարված հարաբերությունները շարունակվելու պայմաններում դա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա:
Նշվում է, որ Ամիր Պերեցը Ստամբուլի օդանավակայանում անպատասխան է թողել լրագրողների հարցերը’ ասելով միայն, որ «ամեն ինչ լավ է»:
Ինչպես երեւում է, շուրջ երեք տարի շարունակվող թուրք-իսրայելական լարված հարաբերությունները սկսել են մեղմանալ:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատացել են 2010 թ. մայիսի 31-ին միջազգային մարդասիրական արշավի շրջանակում թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելցի զինվորների եւ թուրք ակտիվիստների միջեւ բախման ժամանակ 9 թուրք քաղաքացիների զոհվելու պատճառով: Թուրքիան Իսրայելից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար եւ զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 1 մլն դոլար փոխհատուցել: Պաշտոնական Թել Ավիվը պնդում է, որ նավում կատարվածը տեղի է ունեցել միջազգային համաձայնագրերին համապատասխան, քանի որ թուրքական նավը չի ենթարկվել մաքսային ստուգում անցնելու Իսրայելի պահանջին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում