Թաներ Աքչամը Գերմանիայում Հայոց ցեղասպանության մասին դասախոսություն է կարդացել
Նմանատիպ
Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Հյուսիսային Գերմանիայի ավագ դպրոցի դասարաններում սովորողների համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսություն է կարդացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Armenian Mirror-Spectator-ը:
Գերմանական դպրոցներում սովորողները դասընթացների ժամանակ հատուկ անդրադառնում են հրեաների Հոլոքոստին, սակայն նրանց պատմության դասերին անդրադարձ չի լինում Հայոց ցեղասպանությանը: Աքչամը ներածական դասընթաց է իրականացրել «Հայոց ցեղասպանություն 101» խորագրով, որի ժամանակ Օսմանյան կայսրության քարտեզի վրա ցույց է տվել հայերի տեղահանման ճանապարհներն ու համակենտրոնացման ճամբարները: Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն մաթեմատիկական ճշգրտության վրա, որով կազմակերպվել և իրականացվել է ոճիրը: Թուրք պատմաբանը ներկայացրել է, թե այս գործողությունների արդյունքում ինչպես է Արևելյան Թուրքիան դատարկվել հայերից:
Հայոց ցեղասպանությունը համեմատելով Հոլոքոստի հետ’ նա ընդգծել է, որ, ի տարբերություն Հայոց ցեղասպանության, նացիստները հրեաներին սպանել են արիական ցեղին չպատկանելու «մեղադրանքով», մինչդեռ հայերին առաջարկվում էր ընդունել իսլամ և փրկվել: Աքչամը կարևորել է Թուրքիայում նոր սերնդի’ անցյալի հետ առերեսվելու և արդարություն հաստատելու պատասխանատվության ստանձնումը:
Աքչամը գերմանացի ուսանողներին պատմել է նաև իր կյանքից որոշակի դրվագներ’ ներկայացնելով, թե ինչպես է 9 ամիս անցկացրել բանտում քրդերի վերաբերյալ հոդված գրելու մեղադրանքով: Հետագայում նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ ևս ձերբակալվել է կեղծ անձնագիր ունենալու համար և միայն միջազգային Amnesty International կազմակերպության շնորհիվ ազատ է արձակվել: Համբուրգում կատարած հետազոտական աշխատանքների ժամանակ նա առաջին անգամ հանդիպել է հայերի վերաբերյալ նյութերի’ մի բան, որն անհնար էր Թուրքիայում, ինչից հետո միայն դարձել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գծով մասնագետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում