Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը
Նմանատիպ
Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել համայնքային ընդունելություն, որի պատվավոր հյուրն էր այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների այցելություններն ԱՄՆ եւ հանդիպումները երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նա նշել է, որ տակավին անցյալ շաբաթ այցով ԱՄՆ-ում էր գտնվում ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, իսկ այս շաբաթ Վաշինգտոնում է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը: Դեսպան Մարգարյանի խոսքերով՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ եւ ակտիվ ու արդյունավետ համագործակցությամբ միայն հնարավոր կլինի չեզոքացնել Ադրբեջանի կողմից սանձազերծված հակահայկական քարոզչությունը եւ միջազգային հանրությանը ներկայացնել ժողովրդավարական արժեքների հիման վրա զարգացող անկախ Արցախը:
Ընդունելության ժամանակ ընդարձակ ելույթով հանդես է եկել ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, որը, մասնավորապես, արժեվորեց Սփյուռքի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ինչպես տնտեսական կյանքում, այնպես էլ քաղաքական հարթակում, բարձր գնահատեց ամերիկահայ համայնքային կառույցների համակարգված գործունեությունը՝ ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների:
Ելույթներից հետո Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար ամերիկահայ գործիչներ Անի Հարոյանը, Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, Ջիմ Կալուստյանը, Պիտեր Քութուջյանը եւ Վազգեն Քալտաքջյանը պարգեւատրվեցին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներով:
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում