Հայաստանն Իրանին գազ գնելու հարցով չի դիմել. Մոհամմադ Ռեյիսի
Նմանատիպ
Իրանից գազ գնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունները Իրանի հետ պաշտոնական մակարդակում քննարկումներ չեն ունեցել: Այս մասին դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Նրա խոսքով’ Հայաստանին իրանական գազի մատակարարման շահավետությունը պարզ կդառնա միայն բանակցությունների միջոցով: «Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերություննե րի մեջ է, մի քանի տարի է, ինչ երկու երկրների միջև գործում է համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրները միմյանց հետ բարտերային եղանակով են համագործակցում’ «գազ’ էլեկտրաէնրգիայի դիմաց» սկզբունքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց դեսպանը:
Պատասխանելով այն հացին, թե արդյոք իրանական գազն ավելի մատչելի և շահավետ կլինի Հայաստանի համար, քան ռուսականը, Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ գների տարբերությունների մասին հնարավոր չի խոսել ենթադրական եղանակով. հստակ դատողություններ հնարավոր կլինի անել միայն պայմանավորվածությունների դեպքում: Չնշելով 1000 խմ գազի դիմաց Իրանի կողմից այլ երկրների համար սահմանված գումարի չափը, դիվանագետը նշեց, որ Իրանը մյուս երկրներին գազ է վաճառում միջազգային սակագներով: «Իրանը Թուրքիային գազ է վաճառում միջազգային գործող գներով, սակայն բարեկամ որո շ երկրների համար բացառված չէ, որ զեղչեր կիրառի: Դա կախված է այն համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն»,- հավելեց բանախոսը’ կատակելով, որ թվեր մատնանշել չի ցանկանում, քանի որ այդքան էլ լավ չէ մաթեմատիկայից:
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել էր, որ իրանական գազի մատակարարումը շահավետ չէ Հայաստանին, քանի որ ռուսականից ավելի թանկ կարժենա: Նախարարը շեշտել էր, որ միջազգային սակագներով 1000 խմ գազի դիմաց իրանական կողմը սահմանել է 400 դոլար: 2013թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ կատարած պետական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ի դիմաց 189 դոլար սակագնով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում