Աշխարհի ղեկավարները ժամանում են Յոհաննեսբուրգ՝ մասնակցելու Նելսոն Մանդելայի հոգեհանգստին

Կուբայի Պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կմասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողությանը, որը դեկտեմբերի 10-ին տեղի կունենա Յոհաննեսբուրգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Կուբայի հեռուստատեսությանը:

Մանդելայի հոգեհանգստի արարողությանը կմասնակցի նաեւ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան: Այդ մասին ասված է Իտալիայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Ինչպես սպասվում է, ՀԱՀ-ի նախկին նախագահի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար կժամանեն պետությունների ու կառավարությունների շուրջ 60 ղեկավարներ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ տիկնոջ՝ Միշելի հետ: Նրանց կուղեկցեն երկրի երեք նախկին նախագահներ՝ Ջիմի Քարտերը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը՝ իրենց տիկինների հետ, ինչպես նաեւ Կոնգրեսի 26 անդամներ: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության եւ Աֆրիկյան միության ներկայացուցիչներ:

Մանդելան 95 տարեկան հասակում դեկտեմբերի 5-ին մահացել է Յոհաննեսբուրգի իր տանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում