Մոսկվայում կայացել է Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն
Նմանատիպ
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու նորակառույց վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի առջեւ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեփսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնկացեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, ռուսաստանյան պետական, հասարակական եւ մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ եւ մոսկվաբնակ հայեր:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդես եկավ ներկաներին հասցեագրված ելույթով՝ ընդգծելով աշխարհի տարբեր հատվածներից եւ, մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան ժամանած պետական այրերի, բազմաթիվ փրկարարների, կամավորների եւ անհատների աջակցության կարեւորությունն՝ աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացման եւ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում: Դեսպան Եսայանի խոսքով, տեղի ունեցած արհավիրքի հանդեպ անտարբեր չմնացին բարեկամ ռուս ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակներ, ովքեր օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին ստեղծված ծանր իրավիճակում:
Արարողությանը մասնակցող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի գրողների միության գերագույն խորհրդի նախագահ Յուրի Վորոբյովը վստահեցրեց, որ տեղի ունեցածն առաջին իսկ պահից միավորել է բազմաթիվ մարդկանց, իսկ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ հարյուրից ավելի պետություններից ժամանած կամավորներն աղետի գոտում անձնվիրաբար մասնակցել են մարդկանց որոնման աշխատանքներին:
Նույն օրը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնում ՌԴ ԱԻՆ նախարար Վլադիմիր Պուչկովի կողմից, ով եւս մասնակցել է Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին, «За содружество во имя спасения» եւ «За отличие в ликвидации ЧС» խորագրով մեդալներ են հանձնվեցին 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքների 25 մասնակցի՝ ՌԴ տարբեր քաղաքներից: «Փոխադարձ բարեկամություն՝ հանուն փրկության» մեդալով է պարգեւտրվել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Մեդալների հանձնման արարողությանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յու.Վորոբյովը ներկաներին փոխանցեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վ.Մատվիենկոյի աջակցության խոսքերը: Այնուհետեւ հաջորդել են ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի եւ մեդալներով պարգեւտրված նվիրյալների ելույթները: Վ.Պուչկովն իր խոսքում հիշատակել է տեղի ունեցած արհավիրքի ողջ ողբերգությունն ու հազարավոր մարդկանց փրկության գործում առաջ եկած բարդությունները: «Երկրաշարժը լուրջ դաս էր մեզ եւ մեր գործընկերների համար: Հայաստանում տեղի ունեցած աղետի հետեւանքների վերացման փորձից ելնելով՝ 1990թ. ստեղծվեց ռուսական Փրկարարական կորպուսը, որի հիման վրա հետագայում ստեղծվեց ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը», – ասել է Վլադիմիր Պուչկովը: Նա նաեւ հայտնել է, որ երկու երկրների կառավարությունների մակարդակով համաձայնություն է ձեռք բերվել արտակարգ իրավիճակների արձագանքման ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ:
Պաշտոնական մասին հաջորդեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Եսայանի առանձնազրույցը ՌԴ ԱԻՆ նախարար Վ.Պուչկովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրության հարցեր:
Ազգային կենտրոնում կազմակերպվեց նաեւ շրջայց, որի շրջանակներում համապատասխան սարքավորումների միջոցով կապ հաստատվեց նաեւ ՀՀ ԱԻՆ համապատասխան գերատեսչության հետ:
Նշենք նաեւ, որ այս օրերին ինչպես Մոսկվայում, այնպես էլ ՌԴ տարբեր քաղաքներում հայ համայնքների եւ տեղի իշխանությունների կողմից անցկացվում են 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում