ՀՀ-ի և այլ պետությունների միջև օդային հաղորդակցության սահմանափակումները կվերացվեն
Նմանատիպ
Հայաստանը կվերանայի մի շարք օտարերկրյա պետությունների կառավարությունների հետ օդային հաղորդակցության ոլորտում արդեն կնքված միջկառավարական համաձայնագրերը’ այդպիսով վերացնելով այդ բնագավառում առկա սահմանափակումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյնաը նշեց, որ նախաձեռնությունը պայմանավորված է «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելով: Հիմնավորման համաձայն’ համաձայնագրերի վերանայումը ՀՀ կառավարության օդային փոխադրումների ազատականացմանն ու «Բաց երկնքի» քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջին նախապայմաններից է:
«ՀՀ կառավարության և մի շարք օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև ստորագրված են օդային հաղորդակցության կամ օդային տրանսպորտի մասին միջկառավարական համաձայնագրեր, որոնցով սահմանվում են օդային հաղորդակցության հստակ ուղղությունները, առկա են սահմանափակումներ: Համաձայնագրերի վերանայումը, սահմանափակումների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Հայաստանի կառավարությո ւնն այս աշնանը սկսեց «Բաց երկնքի» քաղաքականությանն անցնելու գործընթացը, որը լուրջ փոփոխություն է երկրի օդային փոխադրումների քաղաքականության մեջ: Հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշեց հաստատել Հայաստանում մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման հայեցակարգ-ծրագիրը, որի շրջանակում գնահատվել էին բազմաթիվ նախագծային տարբերակներ, ներառյալ’ ազգային փոխադրողի ստեղծումը կառավարության օժանդակությամբ կամ առանց դրա, «Բաց երկնքի» քաղաքականությունը, ինչպես նաև «կառավարելի» դաշտը, որը կպաշտպանի ազգային փոխադրողին: Սահմանվել են տեղական ավիափոխադրողների այն չափանիշները, որոնցով պետք է նրանք գործեն և ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, ինչը պետք է իրականանցնի այս ծրագրով նախատեսվող միջոցառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում