Ադրբեջանը 4 տարի հետո ոչ մի կոպեկ չի ստանա գազի վաճառքից. ֆինասների փոխնախարար
Նմանատիպ
Ադրբեջանի ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովը Բաքվում անցկացված Ազգային ապահովագրողների հավաքի ժամանակ հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Նա նշել է, որ 4 տարի հետո Ադրբեջանը գազի վաճառքից «ոչ մի կոպեկ եկամուտ չի ստանա»: Նրա խոսքով’ Ադրբեջանը պետք է հրաժեշտ տա գազային մեծ եկամուտների հեռանկարներին, եւ առաջիկա 4 տարիներին Ադրբեջանին ոչինչ չի սպասվում «Շահդենիզ» նախագծի շրջանակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջաական ԶԼՄ-ները, Բայրամովն ասել է, որ դա կապված է խոշորամասշտաբ ներդրումների հետ, որոնք պահանջվում են կոնսորցիումի մասնակիցներից’ «Շահդենիզ» հանքահորի մշակման երկրորդ փուլը սկսելու ժամանակաշրջանում: Գազի արդյունահանման աշխատանքները սկսելու համար կոնսորցիումի մասնակիցները պետք է ներդնեն մոտ 40 մլրդ դոլար: Բայրամովի խոսքով, այդ պատճառով հաջորդ տարի պետք է վերանայվի պայմանագրի’ շահույթի բախշման հետ կապված մասը:
«Եթե 2013 թ-ին «Շահդենիզ»-ից շահույթ ստացվել էր, ապա հաջորդ տարի շահույթ չի ստացվելու: Այսպիսով, Ադրբեջանը գազային պայմանագրից տնտեսական շահեր չի ստանա ընդհուպ մինչեւ 2017-2018 թվականները», -հայտարարել է Բայրամովը:
Ադրբեջանի ֆինանսների փոխնախարարը մասնակիցներին ապշեցրել է եւս մեկ հայտարարությամբ: Նա ասել է, որ անգամ գազային հանքահորերի շահագործումը սկսելուց հետո Ադրբեջանը չի կարող մեծ շահույթ ստանալ: Գազի արդյունահանման գագաթնակետին հասնելու դեպքում էլ Ադրբեջանի շահույթը չի կազմի մեծ նավթից ստացված շահույթի մասն անգամ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հաշվարկներով «Շահդենիզ-2» նախագծից Ադրբեջանի ընդհանուր շահույթը, մասնավորապես’ պետության, SOCAR-ի եւ արտասահմանյան ընկերությունների, կկազմի 200 մլրդ դոլարից ավելի: Աբդուլլաեւի այդ բարձրագոչ հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ֆինանսների փոխնախարարը այդ կանխատեսումը անվանել է «չափազանց լավատեսական»:
Վերջին երկու տարիներին նավթի արտահանումից Ադրբեջանի շահույթը սկսել է զգալիորեն կրճատվել: Պետբյուջեի ձեւավորման նպատակով ադրբեջանական կառավարությունը ստիպված է անընդհատ բարձրացնել էներգակիրների գները:
Ադրբեջանցի տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին հայտարարել էր, որ եթե համաշխարհային շուկայում նավթի գների անկումն անցնի մեկ բարելի դիմաց 80 դոլարի սահմանը, ապա նավթային եկամուտներից ստացված փողերը Ադրբեջանին կբավականացնեն ընդամենը երկու տարի: «Չի օգնի նաեւ բենզինի գնի’ օրերս 30 տոկոսով բարձրացումը: Կարող են սկսվել բյուջեն չկատարելու, ինչպես նաեւ բյուջետային աշխատողների աշխատավարձերը չվճարելու խնդիրներ: Բյուջետային աշխատողների թիվն Ադրբեջանում 900 հազարից ավելի է: Ադրբեջանի կառավարությունը ստիպված կլինի հետագայում բարձրացնել հարկերը: Այլ կերպ հնարավոր չէ ծածկել 68 տոկոսով նավթային փողերով կազմավորվող Ադրբեջանի բյուջեն»,- նշել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում