Վրաստանը կմասնակցի ԵՄ-ի նոր ծրագրերին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և Լիտվայի՝ ԵՄ-ն նախագահող երկրի, նրա պաշտոնակից Լինաս Լինկյավիչյուսը Բրյուսելում արձանագրություն են ստորագրել Եվրամիության ծրագրերին Վրաստանի մասնակցության մասին, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

«Արձանագրության ստորագրումը ևս մեկ նշանակալի քայլ է Եվրամիության հետ մերձենալու ճանապարհին»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին Լինկյավիչուսը հայտարարել է, որ ԵՄ-ն Վրաստանին ծրագրեր է առաջարկել առողջապահության, մշակույթի, գիտահետազոտական ոլորտում և աջակցություն՝ փոքր ու միջին ձեռնարկություններին: «Նման թվաքանակով ծրագրեր դեռ երբեք չեն առաջարկվել հարևանության եվրոպական քաղաքականության մասնակիցներին»,- նշել է Լիտվայի ԱԳ նախարարը:
Դեկտեմբերի 12-ին Մայա Փանջիկիձեն այցով ժամանել է Բրյուսել, որտեղ տեղի է ունեցել Վրաստանի եւ Եվրամիության համագործակցության խորհրդի 14-րդ լիագումար նիստը:

Վրաստանի եւ ԵՄ-ի համագործակցության խորհրդի նիստերն անցկացվում են տարեկան մեկ անգամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում