Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտում է գների բարձրացումը

Ադրբեջանի ընդդիմության և ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքը դեկտեմբերի 15-ին Բաքվում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացրել նավթամթերքների և մի շարք ծառայությունների գների բարձրացման դեմ: Ադրբեջանի տարիֆային խորհուրդը դեկտեմբերի 3-ին, առանց նախապես զգուշացնելու և հիմնավորելու, վառելիքի տարիֆները բարձրացրել է միջինը 30 տոկոսով:

«Թուրան»-ը հայտնում է, որ անկախ տնտեսագետները վառելիքի գների բարձրացումը համարում են չհիմնավորված և քաղաքացիների գրպանի հաշվին բյուջեում ճեղքերը փակելու կառավարության փորձ: Վերջին 10 տարիներին Ադրբեջանում առաջին անգամ 2014 թ. բյուջեն ընդունվել է եկամտային մասի 3 տոկոս կրճատումով:

Ընդդիմության միտինգն ու բողոքի մյուս ձեւերը կանխարգելիչ նպատակներ ունեն, որպեսզի թույլ չտրվի չինովնիկիների’ ազգային հարստությունների գողությունը փակել քաղաքացիների հաշվին: Փորձագետների տվյալներով, Ադրբեջանի տնտեսության մոտ 80 տոկոսը լեգալ չէ, եւ հսկայական միջոցներ, առանց հարկվելու, մտնում են վերնախավի գրպանը: Հովանավորչությունն ու մենատիրությունը խեղդում են Ադրբեջանի էկոնոմիկան: Կոռուպցիայի մակարդակով Ադրբեջանը աշխարհում զբաղեցնում է 127-րդ տեղը:

Միտինգում Ադրբեջանի ընդդիմությունը կառավարությանը պահանջներ է ներկայացրել չեղյալ հայտարարել նավթամթերքների գները բարձրացնելու մասին Տարիֆային հանձնաժողովի որոշումը եւ երաշխիքներ տալ, որ այլ ապրանքների գները եւս չեն բարձրացվելու: Բացի դրանից, առաջարկվել է խորհրդարանական լսումներ կազմակերպել Ադրբեջանի պետական նավթային ընկերության’ նավթի արտահանման գործում ոչ թափանցիկ գործարքների մասին: Միտինգի ընդունած բանաձեւում ասվում է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել պայքարը ազատ ընտրություների եւ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար:

Ակցիայի ժամանակ ընդդիմությունը «Վերջ թանկացումներին», «Նվազեցնել գները», «Պետությունը բնակչությանը սպասարկելու համար է», «Բյուջեն ժողովրդինն է, ոչ թե պատգամավորներինը», «Իլհամ, ձեռքերդ հեռու իմ գրպանից», «Նավթը չի պատկանում մի ընտանիքի» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում