Դավութօղլուն պատասխանել է երևանյան այցի մեղադրանքներին
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանի Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) պատգամավորները քննադատել են երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելու և 1915 թ-ի իրադարձությունների հետ կապված հայտարարություն անելու համար:
Ի պատասխան պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշի հայտարարությանը, թե «Երևանում չկարողացավ հյուրանոցի առաջնամասի դռնից մտնել», Դավութօղլուն պատասխանել է. «Աստված հոգին լուսավորի, ձեր առաջնորդը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, երբ մեր ազերի եղբայրները Հայաստանի դեմ էին մարտնչում, Փարիզում հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ ։ Եթե դա հանցանք է, իսկ ես այդպես չեմ կարծում, ուրեմն Հայաստանի հետ մեր հանդիպումն էլ սխալ չէր։ Հայերի հետ համատեղ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ, այլ անհրաժեշտ քայլ է։ Ով ինչ ուզի, թող ասի, մենք որևէ ազգի վերևից չենք նայում»։
Դավութօղլուն թուրքական խորհրդարանում հայտարարել է, թե Հայաստանի հետ խնդիրները հնարավոր չէ լուծել «փակ դռների հետևից իրար դեմ քարոզչություն անելու միջոցով»: Նա թուրք պատգամավորների առաջ կրկնել է իր նոր թեզն այն մասին, իբր աշխատանքներ է տարվում երկու երկրների միջեւ շարունակվող «անշարժությունը հաղթահարող առաջարկների» վրա:
ԱՇԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը թուրքական խորհրդարանում Դավութօղլուի’ Երեւան կատարած այցի հետ կապված հայտարարել էր, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարությունը «մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայում ընդունել եւ հողով ապահովել 200 հազար հայերի»: «Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն’ Դավութօղլուն դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը», -ասել էր նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում