Թուրքիայում միլիոններ են ծախսվում Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով. Նադյա Ույգուն
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ Թուրքիայում մի խումբ մարդիկ շարունակում են համառորեն աշխատել մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը կոծկելու և այն ժխտելու ուղղությամբ: Չի անցնում և ոչ մի օր, որ այս քաղաքականության շրջանակներում նոր գործողություններ չիրականացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայում բնակվող հայ մտավորական Նադյա Ույգունը այս թեմային Aykiridogrular.com կայքում անդրադարձել է «2015 թվականին մոտենալուն պես ժխտող խմբավորումները գործի են անցել» խորագրով հոդվածում:Այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնություններին, այդ թվում և հայերին, հատուկ «կոդավորել» են, Նադյա Ույգունը պատահական չի համարել վերջերս հայտնի դարձած տեղեկությունն այն մասին, որի համաձայն’ երկրում սկսել են առանձնացնել բոլոր այն ուսանողներին, ովքեր զբաղվում են հայկական հարցի և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ: «Շատ ակնհայտ է, որ սրա նպատակն սպառնալիքի, շանտաժի և ճնշումների ճանապարհով այդ մարդկանց առաջ արգելքներ դնելն է, և հատկապես’ նրանց «համոզելով», պետական թեզին աջակցող տեսակետեր գրել տալն է»,- գրում է Ույգունը:
Նա նշում է, որ այս քաղաքականության մեջ հաջողելու նպատակով թուրքական իշխանությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում: Հայ մտավորականը ցավով արձանագրում է, որ սոցիալական մեդիան հայերի դեմ հարձակումներ գործելու, նրանց կայքերը հաքերային հարձակումների ենթարկելու, հայերին նյարդայնացնելու և ծանր վիրավորանքներ հասցնելու համար օգտագործում է «կրոնական եղբայրներին»’ ադրբեջանցիներին: «Ինչ վերաբերում է մյուս «կրոնական եղբայրներին»’ քրդերին, նրանք էլ այս հարցում «երեք կապիկների» դերը խաղալով են զբաղված: Մի քանի խղճով մարդ կանց գործադրած ջանքերից զատ, այստեղ էլ խորը լռություն է»,- գրում է Ույգունը’ ասելով, որ մի քանի անհատներից բացի, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ևս պաշտոնապես չի հայտնում իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«2015 թվականին այսքան քիչ ժամանակ է մնացել, իսկ Թուրքիայում մարդկային կերպարանքներն այսքան անամոթ, խղճուկ վիճակում են: Շարունակեք ժխտման քաղաքականությունը, տեսնենք, թե որքան այն կշարունակվի: Մենք բավական ժամանակ ունենք, հիշողությունն էլ չի ջնջվել, մեկ դարն ինչ է որ, էլի կսպասենք… Բավական է միայն արդարությունն իր տեղը գտնի»,- եզրափակել է Նադյա Ույգունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում