Ռուս փորձագետը կանխատեսում է հայ-ռուսական ընդհանուր սահմանի ձևավորում
Նմանատիպ
Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանի ձևավորումը ժամանակի հարց է, և ոչ հեռավոր ապագայում Ռուսաստանը կունենա տրանսպորտային և ենթակաուցվածքային հարաբերություններ Հայաստանի հետ։ Այս մասին «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասաց ռուս փորձագետ Միխայիլ Չերնովը։ «Հայաստանում շատերին է հուզում այն հարցը’ ինչպիսին է լինելու Հայաստանի և Մաքսային միության երկրների առևտրաշրջանառությունը՝ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում։ Համոզված եմ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև սահմանի ձևավորումը մոտ ապագայի հարց է։ Դա կարող է իրականանալ Անդրկովկասում տրանսպորտային միջանցքների զարգացման շնորհիվ, որոնք եղել են և՛ Ցարական Ռուսաստանի, և՛ Խորհրդային Միության ժամանակ և կլինեն նաև ապագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Չերնովը։ Փորձագետի դիտարկմամբ՝ հիմնական մայրուղին, որը կկապի Հյուսիսային Կովկասը Արեւմտյան Ղազախստանին եւ Հարավային Կովկասին՝ կլինի Տրանսկովկասյան ավտոմայրուղին։ «Ներկայումս կա մի ճանապարհ, որը կապում է Վլադիկավկազը Ցխինվալի հետ և հասնում մինչև Հայաստան։ Այդ ճանապարհը պետք է նոր տեխնոլոգիական վերակառուցման ենթարկվի, որպեսզի դրանով հնարավոր լինի տարբեր տեսակի բեռներ տեղափոխել՝ սկսած ծանր ռազմական տեխնիկայից մինչ թեթև արտադրանք»,-նշում է Չերնովը։
Դեկտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվում է «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողով։ Դրան մասնակցում են փորձագետներ Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից։ Նրանք երկու օր քննարկելու են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման հեռանկարները, անդրադառնալու թուրք-իրանական հարաբերություններին’ սիրիական ճգնաժամի ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում