Արևմտյան մամուլն անդրադարձել է Թուրքիան ցնցած հակակոռուպցիոն գործողությանը
Նմանատիպ
Արեւմտյան մամուլը լայնորեն անդրադարձել է դեկտեմբերի 17-ին Անկարայում եւ Ստամբուլում անցկացված հակառուպցիոն գործողություններին, որոնց ընթացքում անվտանգության մարմինները ձերբակալել են 50-ից ավելի մարդու: Նրանց թվում են Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները եւ հայտնի գործարարներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության մարմինների’ ապօրինությունների եւ կոռուպցիայի մեղադրանքներով այդ գործողությունները, որոնք, իր խոսքով, իրագործվել են առանց իշխանությունների գիտության, բնութագրել է «դրսի եւ ներսի որոշ ուժերի» կողմից իր իշխանության դեմ գործողություններ: Թուրքական իշխանամետ մամուլը համարում է, որ այդ գործողությունների հետեւում կանգնած է Գյուլենական շարժման (արդի իսլամի) առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը:
Այսպես’ ֆրանսիական Le Mоnde-ը գրել է, որ Թուրքիայում փոթորկում է իշխանության համար պայքարը: «Ենթադրվում է, որ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները ամբողջ ուժով հակադարձելու են նախագահ առաջադրվելու մտադրություն ունեցող Էրդողանին», -նշել է թերթը:
Ամերիկյան New York Times-ը Թուրքիայում իրագործված ոստիկանական գործողությունը համարել է «Էրդողանի եւ գյուլենական շարժման միջեւ խորացող վեճի հետեւանք»:
The Wall Street Journal-ը գրել է, որ այդ գործողությունը շոկային ալիք է բարձրացրել Թուրքիայում: «Սպասվում է, որ Էրդողանը հակաքայլեր կանի’ երկրի տնտեսական կայունությանը եւ ներդրումային մթնոլորտի անվտանգությանը սպառնացող այդ զարգացումների դեմ»,- գրել է թերթը:
Washington Post-ը հայտնել է, որ Էրդողանի եւ Գյուլենական շարժման միջեւ լարվածությունը թեժանում է: Թերթը գրում է, որ, վերլուծաբանների համոզմամբ, սա պատասխան էր Գյուլենական շարժման դպրոցները փակելու ուղղությամբ Էրդողանի կառավարության նախաձեռնությանը:
Անգլիական The Times-ի կարծիքով, Գյուլենը թշնամացել է Թուրքիայի կառավարության հետ: Իսկ The Guardian-ը այդ գործողութունները դիտում է որպես Գեզի այգու հետ կապված բողոքի ակցիաներից հետո Էրդողանի ավտորիտար կառավարության դեմ ուղղված ամենամեծ հարձակումը:
«Թուրքիայի պետական համակարգը պարբերաբար հսկողության տակ պահելու համար գյուլենական շարժումը թափանցում է պետական գերատեսչություններ»,- նշել է Bloomberg-ը:
The Financial Times-ն էլ ընդգծել է, որ Թուրիքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ երկրի ոստիկանական ու դատական համակարգեր սողոսկած Գյուլենական շարժման միջեւ ճգնաժամը խորանում է:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը Թուրքիայում ընթացող զարգացումների հետ կապված հայտարարել է, որ ուշադրությամբ հետեւում են Թուրքիայում ապօրինությունների եւ կաշառակերության դեմ ուղղված իշխանությունների գործողություններին, սակայն վաղ են համարում դրանց որեւէ գնահատական տալը:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում’ Թուրքիայում: Մինչեւ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի 12 պատգամավորներ պաշտոնապես համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում