Ֆյուլեն և Էշթոնը քննադատել են Ադրբեջանին
Նմանատիպ
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում Ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանավորման հարցում:
Էշթոնը և Ֆյուլեն նաև մտահոգություն են հայտնել Մամեդլիի նկատմամբ նախնական կալանք իրականացնելու որոշումը փաստաբանի բացակայությամբ կայացնելու հարցում:
«Արտաքին քաղաքական հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչը և հանձնակատար Ֆյուլեն կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին’ Մամեդլիի նկատմամբ ներկայացված մեղադրանքների շուրջ ապահովել արագ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն, զերծ քաղաքական ազդեցությունից և կողմնակալությունից, պատշաճ ընթացակարգով»,- այդ մասին ասված է Էշթոնի և Ֆյուլեի մամուլի քարտուղարների տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում ընդգծվում է նաև, որ ԵՄ-ն ուշադրությամբ կհետևի Մամեդլիի գործին, ինչպես նաև Ադրբեջանում «քաղաքացիական հասարակության և այլ անհատների մասնակցությամբ տեղի ունեցող իրավական գործընթացներին»:
Մամեդլիի ղեկավարած կառույցը մոնիթորինգի է ենթարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները և ֆիքսել է բազմաթիվ խախտումներ: Դրանք արտացոլվել են ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ու ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության հաշվետվությունում:
Արդեն դեկտեմբերին հետաքննություն էր սկսվել Ժողովրդավարության ուսուցման և ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի նկատմամբ՝ կապված հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և սեփական լիազորությունները չարաշահելու հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում