Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով ակցիաներ են սկսվել
Նմանատիպ
Թուրքիայի Ստամբուլ, Կայսերի (Կեսարիա), Կարս, Իզմիր քաղաքներում եւ մի շարք նահանգներում բողոքի բազմահազարանոց միտինգներ են սկսվել: Ակցիայի մասնակիցները երկրում բացահայտված կոռուպցիոն դեպքերի հետ կապված պահանջում են կառավարության եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները’ նշելով, որ տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ պետական բանկի բաժանմունքների առջեւ: Բանկի ղեկավարները մեղադրվում են Իրաք ապօրինաբար ոսկի արտահանելու մեջ:
Դեկտեմբերի 17-ին թուրքական անվտանգության մարմինները ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության շրջանակում ներքին գործերի, էկոնոմիկայի, շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարների որդիների, հայտնի գործարարների եւ պետական «Հալք» բանկի տնօրենի հետ միասին ձերբակալել են 50-ից ավելի անձանց: Այդ ձերբակալությունները կառավարության դեմ բողոքի մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում:
Թուրքական «Ռադիկալ» թերթը հայտնել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ եւ խոսնակ Հուսեին Չելիքը հաստատել է, որ սկանդալային ձերբակալություններում շոշափվող երեք նախարարներ’ Մուամար Գյուլերը, Զաֆեր Չաղլայանը, Էրդողան Բայրաքթարը, ինչպես նաեւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ում անունը եւս հիշատակվում է կոռուպցիոն գործողությունների մեջ, հրաժարականի դիմում են ներկայացրել Էրդողանին:
Էրդողանը իրավապահ մարմինների’ առանց երկրի ղեկավարությանը տեղյակ պահելու հակակառուպցիոն հետաքննությունն անվանել է կառավարությանը վարկաբեկելու նպատակով իր կողմնակիցների դեմ ուղղված «կեղտոտ գործողություն»: Շաբաթ օրը Էրդողանը «միջազգային խմբերին» եւ «մութ ուժերին» մեղադրել է հակակառավարական արշավ անցկացնելու սադրանքների մեջ եւ հայտարարել, որ հետապնդելու է նրանց, ովքեր կանգնած են դրանց հետեւում: Էրդողանն իր վերջին ելույթներում չի հիշատակել ազդեցիկ կրոնական եւ միլիարդատեր Ֆաթուլլահ Գյուլենին, ո վ ներկայում գտնվում է ԱՄՆ-ում «կամավոր վտարանդիության» մեջ: Սակայն, համարվում է, որ ԱԶԿ-ի նախկին դաշնակից Գյուլենը Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 4 ամիս մնացած’ փորձում է խարխլել իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդ Էրդողանի դիրքերը: Ի տարբերություն արմատական իսլամի կողմնակից ԱԶԿ-ի’ Ֆաթուլլահ Գյուլենի շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում