Ադրբեջանական բանակում հինգ զինվոր խոշտանգումից մահացել է
Նմանատիպ
Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ 2013թ.-ին իր ղեկավարած իրավապաշտպան կառույցը խոշտանգումների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի մասին 115 բողոք է ստացել, որոնցից 6-ը վերաբերվել են կանանց խոշտանգումներին:
Haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ’ անցնող տարվա ընթացքում կառույցը խոշտանգումներից մահվան 5 դեպք է գրանցել: Բոլոր փաստերը վերաբերում են Ադրբեջանի պաշտպանության ազգային բանակի զորամասերին: Բեհբուդովը նշել է բռնություններից մահացած զինվորների անունները’ Էլվին Նիֆտիզադե, Ջեյհուն Գուբադով, Սեյմուր Ալլահվերդիեւ, Թելման Ալիև և Օրխան Միրզազադե: Բացի այդ, մեկ մարդու մահ գրանցվել է ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած խոշտանգումներից:
Էլչին Բեհբուդովը հայտնել է, որ 2012թ.-ին իրենք ստացել են խոշտանգումների հետ կապված 141 դիմում-բողոք, այդ թվում’ գրանցվել է 9 մահվան դեպք:
Նրա խոսքով’ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բողոքները հիմնականում ներկայացնում են զորամասերից, ոստիկանական բաժանմունքներից, տրանսպորտի նախարարության աշխատակիցների և Ադրբեջանի պետական նավթային ընկերության’ SOCAR-ի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:
Տրանսպորտային տեսուչները բռնություն են կիրառում վարորդների նկատմամբ, իսկ SOCAR-ի ներկայացուցիչները’ այն տների բնակիչների նկատմամբ, որոնք, իրենց պնդմամբ, ապօրինաբար կառուցվել են ընկերությանը պատկանող տարածքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում