ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խումբը վերջնական զեկույցում խիստ քննադատել է Ադրբեջանին
Նմանատիպ
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է 2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով եզրափակիչ զեկույցը: Փաստաթղթում նշվում է, որ ընտրություններն անցել են արտահայտվելու, հավաքվելու և միավորվել ու ազատությունները սահմանափակող և բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ չստեղծող իրադրությունում: Ընտրական արշավն ուղեկցվել է թեկնածուների դեմ մեղադրանքներով, ընտրողներին վախեցնելով, մամուլի հասանելիության սահմանափակմամբ: Ընտրությունների օրը դիտվել են լուրջ խնդիրներ բոլոր փուլերում:
Ընդ որում, 58 տոկոս տեղամասերում, որտեղ եղել են ԺՀՄԻԳ դիտորդները, ձայների հաշվարկը կատարվել է վատ կամ շատ վատ:
Օրինակ’ գրանցվել է քվեաթերթիկների զանգվածային լցոնման 23 դեպք: 42 տեղամասում արձանագրությունները թանաքով չեն կազմվել: 15 տեղամասում արձանագրության պաշտոնական բլանկը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված են եղել մինչև քվեարկության արդյունքների գրի առնելը: Գրանցվել է նաև 18 դեպք, երբ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունները լրացվել են շրջանային հանձնաժողովներում:
Այդ խնդիրների լրջությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը դեռ շատ աշխատանք պետք է իրականացնի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գծով ԵԱՀԿ առաջ ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Մասնավորապես, դեռ չեն կատարվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքները փոփոխելու, թեկնածուների գրանցման կարգը կատարելագործելու գծով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հանձնարարականները:
Ընտրական հանձնաժողովների ներկայիս կազմը թույլ է տալիս որոշումներ ընդունել իշխանությունների օգտին: Դա խարխլում է ընտրական աշխատակազմերի անկողմնապահության նկատմամբ հավատը: Հանուն անաչառության և հասարակական վստահության անհրաժեշտ է փոխել Ընտրական օրենսդրությունը, իսկ բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովները ձևավորել նորից: Կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի ընտրությունները վախի մթնոլորտում անցկացնելը կանխելու համար: Բացի դրանից, Ընտրական օրենսգրքում պետք է արտացոլված լինեն քաղաքական այլընտրանքների մասին ԶԼՄ -ների միջոցով բազմակողմանի տեղեկություն ստանալու քաղաքացիների իրավունքները:
Անհրաժեշտ է նաև քաղաքական կամք այնպիսի լուրջ խախտումների վերացման համար, ինչպիսիք են խրձերով քվեաթերթիկները քվեատուփեր լցնելն ու քվեարկության արդյունքների մասին արձանագրությունների փոփոխումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում