Նախկին նախարարները պահանջում են Էրդողանի հրաժարականը
Նմանատիպ
Ներքին գործերի եւ էկոնոմոիկայի նախարարներից հետո Թուրքիայում այսօր հրաժարական է ներկայացրել նաեւ բնապահպանության եւ քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը’ պահանջելով հրաժարական տալ նաեւ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Նշվում է, որ Էրդողան Բայրաքթարը հրաժարվել է նաեւ պատգամավորական մանդատից:Թուրք նախարարների հրաժարականները պայմանավորված են դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինների կողմից ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով նրանց որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի մարդկանց աղմկահարույց ձերբակալությամբ:
Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Բայրաքթարն ասել է. «Հետաքննչական գործում առկա եւ վավեր շինարարական ծրագրերի մեծ մասն իրագործվել է վարչապետի թույլտվությամբ: Ուրեմն, անհրաժեշտ է, որ հրաժարական տա նաեւ Էրդողանը»:
Նա հերքել է հետաքննության շրջանակում իր անձին վերագրվող մեղադրանքները եւ ակնարկել, որ հրաժարական է տալիս Էրդողանի կողմից ճնշման ենթարկվելու պատճառով: «Ինձ համար անընդունելի է վարչապետի արած հորդորը, թե պետք է հրաժարական ներկայացնել եւ իրեն հանգստացնող հայտարարություն անել»,- ասել է նա’ նշելով, որ իր ամբողջ գործունեությունը նախարարի պաշտոնում համաձայնեցված է եղել անձամբ վարչապետի հետ:
Թուրքական մամուլը հայտնել էր, որ այդ գործողությունների շրջանակում ձերբակալվել էր նաեւ Էրդողան Բայրաքթարի որդին’ Աբդուլլահ Օղուզ Բայրաքթարը, ով, սակայն, հետո ազատ էր արձակվել: Թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել նաեւ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Նշվել էր, որ ձերբակալված գործարար Ռեզա Զարրաբից Բաղըշը 1,5 մլն դոլար կաշառք էր ստացել’ նրա խնդրանքով «որոշ հարցեր» լուծելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում