Թուրքիայում Էրդողանի դեմ ակցիաները նոր քաղաքներ են ընդգրկել
Նմանատիպ
Թուրքիայում կառավարության դեմ անկարգությունների աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է: Ստամբուլից հետո ժողովրդական հուզումներն ընդգրկել են Անկարան եւ Իզմիրը: Ցուցեր են տեղի ունեցել նաեւ երկրի հարավում’ Ադանայի նահանգում: Բողոքավորները պահանջում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը եւ կառավարության ամբողջ կազմի փոփոխություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համաձայնեցնելուց հետո Էրդողանը հայտարարել էր կառավարության կազմի զգալի փոփոխության մասին: Փոխվել են 10 գերատեսչությունների ղեկավարներ: Դրա համար առիթ էր հանդիսացել Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն սկանդալը:
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինները, առանց տեղյակ պահելու վարչապետին, ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության ընթացքում երեք նախարարների որդիների, բարձրաստիճան չինովնիկների հետ կոռուպցիոն գործարարքների մեջ մտած հայտնի գործարարների հետ միասին ձերբակալել է 50-ից ավելի անձանց: Նրանց մեծ մասն աշխատում էր կամ պետական ապարատում, կամ բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներ են: Էրդողանը ոստիկանության այդ գործողությունն անվանել էր գործող իշխանության հեղինակությունը խարխլելու փորձ եւ պատասխանել ուժային մարմիններում զանգվածային ազատումներով:
Այդ ձերբակալություններից հետո ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարները հրաժարական էին տվել: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում պետական ունեցվածքի սեփականաշնորհման բնագավառում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների արդյունքում մինչեւ 200 մլրդ դոլար «լվանալու» մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում