Արցախը գրանցում է շոշափելի հաջողություններ միջազգային ճանաչման հարցում. Դավիթ Բաբայան
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ օրինագիծը, որ հունվարի 6-ին ներկայացվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարան, ապացուցում է, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը ակտիվ տեմպերով առաջ է ընթանում: Սա շատ կարեւոր եւ դրական գործընթաց է, որը նաեւ կնպաստի երկկողմ հարաբերությունների հաստատմանը Կալիֆորնիայի նահանգի եւ Արցախի Հանրապետության միջեւ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը’ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Արցախի ժողովուրդը շնորհակալություն են հայտնում օրինագծի հեղինակ Մայք Գատոյին, ով մեծագույն աշխատանք է իրականացրել այս տարիների ընթացքում եւ նպաստել Արցախի միջազգային ճանաչման գործընթացին:Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն երեք տարվա պատմություն ունեն, եւ այդ ժամանակահատվածում գրանցվել են նաեւ առաջին հաղթանակները: «Ճանաչման գործընթացը մենք սկսում ենք ամենացածր օղակներից’ քաղաքային համայնքներից, նահանգներից եւ կարող ենք փաստել, որ հասել ենք լուրջ հաջողությունների: ԱՄՆ 4 նահանգ, Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգը ճանաչել են Արցախի անկախությունը: Գործընթացը մեկնարկել է Կալիֆոռնիայում եւ շարունակական է լինելու: Կալիֆորնիա նահանգում կան նաեւ քաղաքներ, որոնք արդ են ճանաչել են ԼՂ անկախությունը: Դրանցից վերջինը Ֆրեզնոն էր: Մի քանի տարի անց այս հիմքի վրա կլինեն լուրջ նախաձեռնություններ, որպեսզի Արցախը ճանաչվի պետական մակարդակով»,- ասաց Դավիթ Բաբայանը’ շեշտելով, որ Արցախի ճանաչման գործընթացը կշարունակվի, եւ տարվա ընթացքում այլ երկրների խորհրդարաններում նույնպես կներկայացվեն նմանատիպ օրինագծեր. այս առնչությամբ հայկական կողմն աշխատում է եւ ներդնում ողջ ներուժը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հակաքայլերին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, որ հայկական կողմն Ադրբեջանին հակադրելու ոչինչ չունի:
«Մեր փիլիսոփայությունն ուրիշ է: Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ, անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ դիրքորոշում ունի եւ ինչպիսի հիստերիա է բարձրացնում: Նման հիստերիաների բարձրացումը նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ գրանցում ենք շոշափելի հաջողություններ»,-նշեց Բաբայանը:
Հունվարի 6-ին Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարան է ներկայացվել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն ճանաչող ու Միացյալ Նահանգներին այն ևս ճանաչելու կոչ անող օրինագիծը: Այն ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գատոն:
Նրա խոսքով, օրինագծի մշակման ընթացքում աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ: Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը հաստատել են, որ աջակցում են նախագծին:
Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունվելու դեպքում օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության բոլոր անդամներին: ԼՂ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Հայլենդ, Ֆրեզնո քաղաքները, Մեն, Մասաչուսեթս, Ռոդ Ալյենդ եւ Լուիզիանա նահանգները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում