«Ժառանգություն»-ը Թևան Պողոսյանին համոզում է փոխել մանդատից հրաժարվելու որոշումը

«Ժառանգություև» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կփոխի մանդատը վայր դնելու որոշումը և կշարունակի պատգամավորական գործունեությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երկու օր առաջ հանդիպել է Թևան Պողոսյանի հետ: «Մենք նրան վստահեցրել ենք, որ դրական ենք գնահատում այն աշխատանքը, որ նա կատարել է այս ընթացքում և հույս ունենք, որ նա կփոխի իր որոշումը և մանդատը վայր չի դնի»,- ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով մանդատը վայր դնելու պատճառների մասին «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ որոշումն անձնական է և ոչ մի կապ չունի կուսակցության կամ խորհրդարանական խմբակցության հետ: «Նա անձնական որոշում է կայացրել, սակայն նորից եմ ասում, մենք հույս ունենք, որ նա կփոխի որոշումը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Դեկտեմբերի 28-ին Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում պատգամավորի մանդատը: «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքին խոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում