ՀՀ պաշտպանության նախարարը ներկա գտնվեց ձմեռային զորակոչի վիճակահանությանը

Պաշտպանության նախարարության օրակարագում եղել և շարունակում է մնալ զորակոչի բնականոն ընթացքի ապահովումը. ամեն ինչ արվում է ոչ միայն արդարության հաղթանակի, այլեւ դրա զարգացման և խորացման համար: Չպետք է տարբերություն դրվի զինվորների միջեւ, և զորակոչը պետք է իրականացվի արդարության եւ անաչառության սկզբունքով: Այս մասին այսօր Պաշտպանության նախարարության Հանրապետական հավաքակայանում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը’ հավելելով, որ տարեցտարի այս ոլորտում խնդիրները նվազում են, ձեռքբերումները շատանում: Ձմեռային զորակոչի ընթացքին հետեւող նախարարը մասնակցեց վիճակահանությանը, հանդիպեց զինվորներին եւ նրանց ծնողներին, զրուցեց բժշկական անձնակազմի հետ: «Հիշեք, որ գնում եք ծառայության եւ համալրելու եք մեր Զինված ուժերը, որոնք Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորն են:

Ձեզանից յուրաքանչյուրը տարիներ հետո հպարտություն է զգալու, որ այս ժամանակահատվածում 2 տարի իր կյանքից նվիրել է հայրենիքին: Ձեր զավակների ու թոռների հետ զրույցների ժամանակ նրանք կհպարտանան ձեր ծառայությամբ, դուք էլ կասեք, որ շատ պատասխանատու ժամանակահատվածում եք ծառայել հայկական բանակում եւ ձեր ծառայությամբ նպաստել խաղաղության պահպանմանը»,- ասաց նախարարը’ նորակոչիկների հետ հանդիպման ժամանակ:

«Գո՞հ եք վիճակախաղից, զորակոչի ընթացքից»,- հարցրեց նախարարը հավաքակայանում հավաքված ծնողներին: Նրանք դրական պատասխան տվեցին եւ հավելեցին, որ ամենակարեւորը խաղաղության պահպանումն է: «Այդ առնչությամբ մենք ամեն ինչ անում ենք: Հանրապետության Նախագահն ամեն ինչ անում է խաղաղության ապահովման եւ պահպանման համար: Խաղաղության պահպանմանը նպաստում են ոչ միայն օրեցօր ավելի զարգացող հայկական Զինված ուժերը, այլեւ Նախագահի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը: Սակայն, եթե պատերազմ սկսի, հայկական Զինված ուժերը կկարողանան դիմագրավել թշնամու ցանկացած արկածախնդրության: Եւ այդ ժամանակ մեր փորձառու գեներալները, մենք բոլորս, ձեր որդիների հետ միասին կպաշտպանենք մեր հայրենիքը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ձմեռային զորակոչին մասնակցում են ՀՀ արական սեռի այն քաղաքացիները, ում 18 տարին լրացել է մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ձմեձային զորակոչը մեկնարկել է դեկտեմբերին եւ կշարունակվի մինչեւ հունվարի վերջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում