Դավիթ Հարությունյանը չի բացառում Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպման հնարավորությունը
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգը թեեւ անմիջականորեն Հայաստանին չի առնչվում, սակայն երկրի համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր են ներառված: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ չի բացառում վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումը: «Չեմ կարծում, որ այս նստաշրջանի ընթացքում նման հանդիպում կլինի, քանի որ վեհաժողովի նախագահի ընտրություններ են լինելու, բայց նաև չեմ բացառում»,-ասաց Հարությունյանը:Բացի նախագահի ընտրությունից, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված են Մարդու իրավուքների եվրոպական դատարանում Սլովակիայի և Դանիայի մի շարք դատավորների նշանակման, Եվրոպայում միգրանտների, սիրիացի փախստականների հետ կապված և այլ հարցեր: «Նստաշրջանի ընթացքում մի շարք կոմիտեներ իրենց զեկույցներն են ներկայացնելու»,- նշեց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ նստարջանի օրակարգում ընդգրկված հարցերից հետաքրքիր է հատկապես Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ ռազմավարության հարցի քննարկումը: «Եվս մեկ առանձին թեմա կա «Ռասիզմը ոստիկանության համակարգում» խորագրով, որը, մեր կարծիքով, շատ հետաքրքիր է»,- նշեց նա:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև Պաղեստինին առնչվող մի շարք հարցերի քննարկումը: «Քննարկվելու են Պաղեստինի հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվելու է Պաղեստինի ազգային խորհրդի հետ գործընկերություն հանուն ժողովրդավարության նախագիծը, ինչը հետաքրքիր է որովհետև Պաղեստինը, լինելով չճանաչված երկիր, Եվրոպայի կողմից մի շարք գործընթացներում ընդգրկվում է»-եզրափակեց Հարությունյանը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կմեկնարկի 2014թ.-ի հունվարի 27-ին և կշարունակվի մինչև հունվարի 31-ը: Վեհաժողովին ուղերձով կդիմեն Ավստրիայի Դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: ԵԽԽՎ նախագահը ներկայում Ժան Կլոդ Մինյոնն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում