Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդներից մեկը հոսպիտալացվել է
Նմանատիպ
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, «Ուկրաինական երրորդ հանրապետության» շարժման ղեկավար Յուրի Լուցենկոն «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինների հետ բախումից հետո գտնվում է Կիևի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով «Ուկրաինական երր որդ հանրապետություն» շարժման մամուլի ծառայությունը:«Յուրի Լուցենկոն գտնվում է Կիևի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Բժշկական հետազոտության արդյունքում բժիշկները Լուցենկոյի մոտ ախտորոշել են գանգուղեղային փակ վնասվածք, ուղեղի ցնցում, երեք ներմաշկային հեմատոմա: Քաղաքական գործիչն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, նրա գիտակցությունը տեղն է»,- ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:
Յուրի Լուցենկոյի կնոջ խոսքով՝ իր ամուսինը փորձել է կանխել բախումները ակտիվիստների և անվտանգության ուժերի միջև: Շաբաթ երեկոյան այսպես կոչված «Ավտոմայդան» շարժման ակտիվիստները Կիևի Հաղթանակի պողոտայում արգելափակել են «Բերկուտ» հատուկ ջոկատայիններին տեղափոխող ավտոբուսը: Իրավապահ մարմինները առայժմ դեպքի առնչությամբ մեկնաբանություններ չեն տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում