Կարևորագույնը ԼՂ խնդրում ստատուս քվոյի երկարաժամկետ պահպանումն է. քաղաքագետ

Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում 2014-ին լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում: Հայաստանի համար կարեւորագույն’ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կշարունակվեն հանդիպումներն ու բանակցությունները, սակայն այդ ամենը միտված կլինի ստատուս քվոյի երկարաժամկետ պահպանմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով’ ԵԱՀԿ նախագահությունը Շվեյցարիայի ստանձնելուց հետո որեւէ իրավիճակային փոփոխություն չի լինի հակամարտության հարցում. բանակցային 25-ամյա ձեւաչափը կշարունակվի նույն կերպ: «Շվեյցարիան նախորդ երկրների օրինակով ներգրավված կլինի խնդրի կարգավորման խնդրում, տեխնիկական աջակցություն կտրամադրի, սակայն դա որեւէ կերպ չի ազդի խնդրի լուծման վրա եւ նախադրյալներ չի ստեղծի ստատուս քվոյի փոփոխության առնչությամբ»,- ասաց քաղաքագետը’ հավելելով, որ զարգացումների համար անհրաժեշտ է Ադրբեջանի ցանկությունն ու կառուցողական մոտեցումը, ինչը բացակայում է արդեն տևական ժամանակ:

Խոսելով Մաքսային միությանն ու եվրոպական ինտեգրացիոն զարգացումների մասին Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, թե առկա է անորոշություն տնտեսական երկու միավորների հետ համագործակցության ձեւաչափի առնչությամբ: Ըստ Մինասյանի, հայ-վրացական հարաբերություններում նույնպես կան քննարկվելիք հարցեր հատկապես տնտեսական ոլորտի վերաբերյալ: «Հատկապես Մաքսային միությանն անդամակցելուց հետո Վրաստանի կառավարության հետ ճշտելու բազմաթիվ հարցեր կան: Սրանք այն խնդիրներն են, որոնց ուղղությամբ պետք է ընթանա Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,- ասաց Մինասյանը: Միակ ուղղությունը, որտեղ հստակություն կա, քաղաքագետը նշեց հայ-թուրքական հարաբերությունները, որտեղ տեսանելի ապագայում կրկին լուրջ զարգացումներ եւ սահմանի բացում չի ակնկալվում:

Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակուm է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում