Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի պետքարտուղարից
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այն միջնորդական նախաձեռնությունները քննադատելու համար, որոնք նպատակամղված են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:Ներողությունը տարածվել է իր աջ հայացքներով հայտնի նախարարի մամուլի ծառայության կողմից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի վարչակազմը վիրավորական եւ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում անընդունելի է համարել Յաալոնի այն հայտարարությունները, որոնք հայտնվել են մամուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանության նախարարը մտադրություն չի ունեցել որեւէ կերպ վիրավորել պետքարտուղարին, եւ նա ներողություն է խնդրում, եթե պետքարտուղարը վիրավորվել է նախարարին վերագրվող խոսքերից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելական ԶԼՄ-ները նախօրյակին մեջբերումներ են արել Յաալոնի հայտարարություններից, որն իբր ասել է, թե Քերիի պլանը «նույնիսկ չունի այն թղթի արժեքը, որի վրա գրված է», եւ որը «չի ապահովում ոչ խաղաղություն, ոչ անվտանգություն»: «Մենք մեզ անվտանգ կզգանք միայն այն ժամանակ, երբ Ջոն Քերին Նոբելյան մրցանակ կստանա եւ մեզ հանգիստ կթողնի»,- նշվում է նախարարին վերագրվող հայտարարություններից մեկում:
«Հաարեց» թերթի տեղեկությունների համաձայն՝ ներողությունը հայտնվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Յաալոնի երկժամյա խոսակցությունից հետո: «Իսրայելը եւ Միացյալ Նահանգներն ունեն ընդհանուր նպատակ՝ Քերիի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների առաջշարժումը: Մենք գնահատում ենք այն վիթխարի ջանքերը, որ դրա համար գործադրում է պետքարտուղարը»,- ասված է Յաալոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում