Հաջորդ տարվանից անշարժ գույքի ներդրվող հարկով կնվազեն վարչարարությունն ու հաշվետվությունների քանակը. ՀՀ վարչապետ
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից:ՀՀ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ օրենքն նախատեսվում է ուժի մեջ մտնել 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօրվանից: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող անշարժ գույքի համար այդ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում