Հրանտ Դինքի սպանությունն իրականացվեց պետական ավանդույթից ելնելով. Թաներ Աքչամ

Հրանտ Դինքի սպանությունից անցել է յոթ տարի: Սպանությանը ծրագրածները’ իրական հանցագործները, դեռ ազատության մեջ են, իսկ դատական գործը շարունակվում է: Դատավարության առաջին ռաունդնն ավարտված է, երկրորդ ռաունդը’ սկսված. Կարլ Մարքսի հայտնի խոսքերի նման’ «Առաջինը’ ողբերգություն էր, երկրորդը’ կատակերգություն»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին, «Թարաֆ» պարբերականում հրապարակած հոդվածում գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:«Մեզանից շատերն անպատճառ զարմանում են’ ասելով, թե ինչու են իրական հանցագործները թաքցվում, ինչու այս դատական գործն այսքան երկար տևեց: Իրականում պատասխանը շատ պարզ է: 2014 թվականի հունվարի 2-ին վարչապետի խորհրդական Համդի Քըլըչը Twitter-ում գրեց. «Այս պետության մեջ շարունակվում է «պետական ավանդույթ» կոչվող երևույթը: Որպեսզի հասկանաք, թե դա ինչ է, բավական է մի քիչ պատմություն կարդալ: Հհիշեցնեմ, որ ինքն իրեն պաշտպանելու համար մեր պետական ավանդույթի ռեֆլեքսները, որոնք զարգացվել են իր ողջ պատմության ընթացքում, բավականին վախեցնող են»: Մուշավիրն իրավացի էր. Հրանտ Դինքի սպանությունը պետության մշակած այդ սարսափեցնող ռեֆլեքսներից միայն մեկն է: Եթե մի քիչ պատմություն կարդացած լինեինք, ապա կհասկանայինք, թե ինչեր կատարվեցին Դինքի գործով և այդքան չէինք զարմանա»,- գրում է Աքչամը:

Նա նշում է, որ շատերը Դինքի սպանությունը կապեցին 1915 թվականի հետ, որոշ մասը, սակայն, քննադատեց նման կերպ մտածողներին: Այդ կապը լավագույնս գիտակցում էին նաև հանցագործները, որոնք էլ իրականացրին սպանությունը: Թուրք պատմաբանի կարծիքով’ Դինքը սպանվեց այն բանի համար, որ «ցանկացավ հանել պետության կառուցվածքում առկա աղյուսներից մեկը»: Ապացուցելու համար, որ հայազգի խմբագրապետի սպանությունը Մուշավիրի ասած «պետական ավանդույթի» ռեֆլեքսն էր, Աքչամը հետևյալ եզրահանգումներն է անում:

Առաջինը, ըստ նրա, հետևյալն է. Հրանտ Դինքը սպանվեց Թալեաթ փաշայի վրեժն առնելու համար: Որպես խոսքերի ապացույց’ Աքչամը հիշեցնում է Թալեաթի սպանության օրն ու դրա իրականացման ձևը’ փողոցում, բոլորի աչքի առաջ: Ինչպես Սողոմոն Թեհլերյանը, այնպես էլ Օգյուն Սամասթը չթաքնվեցին: «Սպանության նպատակը և’ Թալեաթի վրեժը լուծելն էր, և’ հայերի ձայնը կտրելը: Նրանք ցանկանում էին ասել. «Մենք այս պետությունը հիմնել ենք հայերին ոչնչացնելու ճանապարհով և թույլ չենք տալու որևէ հայի 1915 թվականից հետո այս հողերի վրա ազատորեն խոսել»,- գրում է թուրք պատմաբանը:

Որպես երկրորդ ապացույց նա ներկայացնում է Դիարբեքիրի այն ժամանակվա նահանգապետ, դոկտոր Ռեշիդի պատմությունը’ նմանեցնելով նրան Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի քաղաքապետ Մուամեր Գյուլերին և որոշակիորեն զուգահեռներ տանելով նաև Թալեաթի ու Էրդողանի միջև: Ռեշիդը 1915 թվականին անխնա սպանել էր մի քանի հազար հայերի’ տիրանալով նաև նրանց գույքին: Սակայն հետագայում հայերին սպանելու համար նա պարգևատրվել էր: Միայն այն բանից հետո, երբ Թալեաթը տեղեկացել է հայերին պատկանող գույքն իրենով անելու մասին, հեռացրել էր պաշտոնից և դատ հարուցել Ռեշիդի դեմ: Այսինքն, ոճրագործը դատվել էր ոչ թե հայերի սպանությունն իրագործելու, այլ գողության մեղադրանքով: Գալով մեր օրերը’ Աքչամը գրում է, որ Ռեշիդի նման Գյուլերը ևս չի պատժվել Դինքի սպանության մասին իմանալու և այն իրագործել թողնելու համար: Ավելին, պարգևատրվելով, Ստամբուլի քաղաքապետից հետո նա նշանակվում է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Սակայն հետագայում պաշտոնաթող է արվում կաշառակերության և խարդախության մեղադրանքով:

«Այժմ հասկանո՞ւմ եք, թե ինչու չեն կարողանում հայտնաբերել Հրանտ Դինքի իրական մարդասպաններին, և ինչու է դատը դեռ շարունակվում: Թալեաթ կամ Էրդողան’ իրարից շատ չեն տարբերվում: Այսպիսին է պետական ավանդույթը…»,- եզրափակել է Աքչամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում