Հաղթանակի հետքերով: Կովսականի ազատագրում
Նմանատիպ
Կովսականն այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմում է: Հրադադարի գիծը կիլոմետրերով հեռու է քաղաքից: Կովսականում կյանքը բնականոն հունի մեջ է: Մոտ 500 ընտանիք ունեցող քաղաքում 40%-ը բազմազավակ ընտանիք է՝ դպրոցականների թիվը հարյուրից ավելին է: Վերջին կրակոցները այստեղ հնչել են 20 տարի առաջ, երբ 1993թ-ի աշնանը կատաղի մարտերում հայ զիվորը հաստատեց այս գեղատեսիլ վայրերում հայ բնակչության ապրելու և զարգանալու ինքնիշխան իրավունքը: Այն ժամանակ Կովսականը հայտնի էր Զանգելան անունով:
1993թ-ին Ադրբեջանի կողմից պարբերաբար լինում էին հրադադարի հաստատման առաջարկներ, որը խախտվում էր հենց իր կողմից ուժերի համալրումից հետո: Զանգելանի օպերացիան հետևեց աշնանային մի քանի օրյա հրադադարին: Այդ հրադադարն Ադրբեջանը օգտագործում էր իր զինված ուժերը հզորացնելու համար, մասնավորապես սեպտեմբեր-հոկտեմբերին Ուկրաինայից ձեռք բերվեց Տ-55 50 տանկ: Զինամթերքի հսկայական քանակ էր ստացվել Թուրքիայից:
Ադրբեջանական բանակին զինվորագրվեցին մոտ 1500 աֆղան մոջահեդներ (նրանց ընդհանուր քանակը հասավ մոտ 2000), մոտ 1000 վարձկաններ (վարձկանների ընդհանուր թիվը հասավ 2000) և բազում թուրք սպաներ: Արդյունքում աշնանն Արցախի շուրջ Ադրբեջանն արդեն կենտրոնացրել էր 70 000 մարտիկների (ներառյալ 2000 մոջահեդների ու վարձկանների), 240 տանկ, 650 ԲՏՌ և ԲՄՊ, 520 հրետանային համակարգ, 50 ինքնաթիռ և 30 ուղղաթիռ: Այդ ամենի դեմ կանգնած էր ԼՂՀ պաշտպանության բանակը, որի կազմում 20 000 մարտիկ կար (մոտ 7000 Հայաստանից ու Սփյուռքից), այն հագեցած էր 150 տանկով, 220 մարտական զրահամեքենայով, 50 հրետանային համակարգերով և 10 ուղղթիռներով, որի մեծ մասն ավար էր:
Վստահ լինելով իր առավելության վրա՝ ադրբեջանական բանակը հոկտեմբերի 3-ին վերսկսեց մարտական գործողությունները Հադրութի ուղղությամբ: Հոկտեմբերի 20-ին և հաջորդող օրերին ծանր մարտեր տեղի ունեցան հարավային ուղղությամբ, որի արդյունքում արդեն հոկտեմբերի 23-24-ին ԼՂՀ բանակը ոչ միայն հետ շպրտեց թշնամուն, այլ կարողացավ գրավել ռազմակավարական կարևորություն ունեցող Հորադիզը: Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ղեկավարությունը միակողմանի կարգով դադարեցրեց մարտական գործողությունները, քանի որ ադրբեջանցիները հարձակում սկսեցին Բոյուկ Բահմանլու գյուղի շրջանում: Նույն օրը ԼՂՀ պաշտպանության բանակն ազատագրեց Մինջիվան երկաթուղային կայարանը, իսկ հոկտեմբերի 29-ին մտավ Կովսական, ևս երկու օր անց, նոյեմբերի 1-ի առավոտյան արդեն ամբողջովին վերահսկվում էր Զանգելան շրջկենտրոնն ու հարակից հենակետերը:
Ադրբեջանական բարոյալքված բանակը Զանգելանում և Մինջևանում այլևս անկարող էր լուրջ դիմադրություն ցուցաբերել. միայն Մինջևանում 14 վագոն զենք-զինամթերք թողեց: Գտնված քուղերը վկայեցին, որ վերջին պահին խուճապի մեջ չէին հասցրել պայթեցնել դրանք: Իսկ նախօրեին ԻՊՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները «Իգլա» զենիթահրթիռային դյուրակիր կայանքով Զանգելանի հատվածում ոչնչացրին թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ: Իսկ ջախջախված Զանգելանի գունդը Արաքսով անցավ Իրան: Ականատեսները պատմում են, որ գետով սկզբից անցան մոջահեդները, հետո ադրբեջանցի զինվորները և հետո միայն բախտի քմահաճույքին մնացած քաղաքացիական բնակչությունը:
Զանգելանի ռազմական գործողությանը մասնակցում էին Հադրութի, (Հրամանատար՝ Ա. Աղաբեկյան), Մարտունիի (Մ. Հակոբյան), Շուշիի (Վ. Իշխանյան), պաշտպանական շրջանների Կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների, մոտոհրաձգային 5-րդ կամավորական բրիգադի (Մ.Գրիգորյան), «Սիսական» (Հ. Աղայան), «Արաբո» (Մ.Եղիազարյան), «Սև հովազ» (Ռ. Գասպարյան), Արթիկի, Բաղրամյանի, Թալինի, Արտաշատ ի, Կապանի, Գորիսի և այլ կամավորական ջոկատներ։ Ամբողջ օպերացիան տևեց հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ ավարտվելով հայկական ուժերի՝նշանակալից հաղթանակով:
Այն ինչ կա այսօր Կովսականում՝ խաղաղություն և բնականոն կյանք, այս հաղթանակի շնորհիվ է: Հայորդիների արյան գնով այսօր կա Կովսական, այլ ոչ թե Զանգելան:
Հակոբ Սաֆարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում