Խոջալուի դիլեման
Նմանատիպ
Ամիսներ առաջ Եվրապառլամենտում հերթական քննարկումն էր, որը կազմակերպվել էր «Արդարություն Խոջալուի համար» միջազգային քարոզչական արշավի շրջանակներում:
Հերթական անգամ մենք արձանագրեցինք, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում միջազգային հանրության մոտ կեղծ իրականություն ձևավորելու վրա: Առաջին հայացքից մեզ համար երբեմն ծիծաղելի են Ադրբեջանի ներկայացրած կեղծ փաստերն ու ներդրած ջանքերը: Սակայն իրականությունն իսկապես մտահոգիչ է:
«Արդարություն Խոջալուի համար» արշավն իրականացվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխտնօրեն Լեյլա Ալիևայի գլխավորությամբ: Այս ընթացքում ադրբեջանական կողմի ձեռքբերումները քիչ չեն:
Թուրքիայի,Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի Հանրապետության, Ռումնիայի, Սերբիայի , Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանների, ինչպես նաև ԱՄՆ-ի Արկանսաս, Նյու Մեքսիկո, Տեխաս, Նյու Ջերսի, Ջորջիա և Մեին նահանգների նահանգային պառլամենտների և Իսլամական համագործակցություն կազմակերպության կողմից Խոջալուի դեպքերը որակվել են ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Ի դեպ Իսլամական համագործացկության կազմակերպության անդամներ են վաթսունից ավելի երկրներ: Այսինքն’ առնվազն այդքան երկրների համար անընդունելի չէ հայերին և Հայաստանին ցեղասպան որակելը:
Խոջալուի օպերացիան Արցախյան ազատամարտում հայկական կողմի հերթական հաղթական օպերացիաներից մեկն է, որն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքում դարձել է ցեղասպանության:
Խոջալուի ազատագրությունը կենսակայն կարևորություն ուներ հայկական կողմի համար, քանի որ այնտեղ էր գտնվում օդանավակայանը: Հայկական կողմը որոշել էր գրավել զինտեխնիկան, հետո գրավեր օդանավակայանը, իսկ այնուհետև ազատագրեր նաև քաղաքը: Մարդկային զոհերից խուսափելու համար, հայկական կողմը տեղեկացրել էր Խոջալուի իշխանություններին իրենց պլանների մասին: Այս մասին են վկայում ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևի և Խոջալուի քաղաքապետ Էլման Մամադովի տված հարցազրույցները:
«Փետրվարի 25-ին, մոտավորապես 20:30 հաղորդագրություն ստացվեց, որ թշնամական տանկերը և զրահամեքենաները դիրքավորվում են քաղաքի մոտ: Այդ մասին հաղորդեցին ռացիայով (ի դեպ, դեռևս փետրվարի 24-ին ես կապնվել էի Աղդամի հետ և հաղորդել, որ մեր կողմից գերեվարված հայ գրոհայինը տեղեկացրել է մեզ սպասվող հարձակման մասին… ոչ մի արձագանք): Ես խնդրեցի ուղղաթիռներ ուղարկել, որպեսզի կարողանանք տարհանել ծերերին, կանանց և երեխաներին: Օգնությունը այդպես էլ չհասավ…»,-նշել է Էլմադն Մամադովը:
Իսկ ահա Խոջալուի 56 ամյա բնակիչ Սալման Աբբասովը վկայում է.
«Ողբերգությունից մի քանի օր առաջ հայերը անընդմեջ ռացիայով տեղեկացնում էին մեզ, որ գրավելու են քաղաքը և պահանջում էին, որպեսզի մենք լքենք այն:
Ուղղաթիռները երկար ժամանակ չէին գալիս Խոջալու, և անհայտ էր, արդյո՞ք մեկին հետաքրքրում է մեր ճակատագիրը, թե ոչ: Մենք ոչ մի օգնություն չէինք ստանում: Ավելին, երբ հնարավորություն կար տարհանելու կանանց, երեխաներին և ծերերին, մեզ հետ էին համոզում: Խոստանում էին, որ մոտ ժամանակներս Ասկերանը գրավելու և Խոջալուի շրջափակումը ճեղքելու օպերացիա է ձեռնարկվելու: Ոչ մի նման բան… Ինչու՞ էր պետք մեզ խաբել, հանուն ինչի՞ զոհվեցին մեր երեխաները, և ո՞վ է պատասխան տալու դրա համար…»:
Այսպիսով տեսնում ենք, որ Խոջալուին Աղդամի կողմից միջանցք տրամադրվել է ,և խաղաղ բնակչությունը հնարավորություն է ունեցել հեռանալու քաղաքից: Տրամադրված միջանցքը Խոջալուն կապում էր այդ ժամանակ դեռևս ադրբեջանական զորքերի հսկողության ներքո գտնվող Աղդամի հետ: Աղդամից դուրս եկած խմբերի մի մասը հասնելով Աղդամի մոտակայքում գտնվող Շեյլու բնակավայրի մոտ, ճանապարհն ուղիղ շարունակելու փոխարեն շեղվում են և գնում Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ:
Ինչպես վկայում է «Между голодом и огнем» փաստագրական ֆիլմը, Խոջալուից միջանցքով ոչ միայն դուրս են եկել խաղաղ բնակչությունը, այլև ադրբեջանական օմոնականներ, որոնց ձեռքերով էլ կատարվել է սեփական հայրենակիցների սպանությունը:
Այս կերպ երկու նպատակ էր հետապնդվում’ վարակաբեկել Ադրբեջանի այդ ժամանակվա գործող նախագահ Մութալիբովին և հետագայում հիմքեր ստեղծել մեղքը հայերի վրա բարդելու համար:
Ադրբեջանի առաջին նախագահը ռուսական հեռուստաալիքներից մեկին չափազանց հետաքրքիր հարցազրույցում նշել է. «Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի առիթ ստեղծելու համար: Ինչ որ ուժ գործում էր նախագահին հատուկ վարկաբեկելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:
Եթե ես ասեմ, որ ամեն ինչում մեղավոր էր ընդդիմությունը, կասեն, որ ես բանբասում եմ: Սակայն հստակ կարելի է ասել, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից բացվել էր: Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց: Կամ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել:
Ինձ անընդհատ ասում էին, որ Խոջալուի բնակիչները դիմանում են, սակայն նրանց պետք է օգնել մարդկանցով, զենքով և սննդամթերքով: Ես կարգադրեցի հասցնել օգնությունը ուղղաթիռներով: Սակայն, ինչպես ինձ էին բացատրում, օդաչուները հրաժարվում էին թռնել այնտեղ, քանի որ նրանց մոտ ստինգերներից փախչելու համար հատուկ սարքավորումներ չկային: Այսպես անցավ մի ամբողջ շաբաթ: Այնտեղ մոտակայքում տեղակայված էր Աղդամի խմբավորումը, որը պետք է հետևեր իրադարձությունների զարգացմանը: Հենց որ ռազմական տեխնիկան պաշարեց Խոջալուն, պետք էր անմիջապես տեղահանել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հրաման էի տվել Շուշիի համար՝ տղամարդկանց պահել, իսկ կանանց և երեխաներին տեղահանել: Դա նույնպես պատերազմի օրենքներից է. պետք է փրկել նրանց: Իմ վարքը շատ օբյեկտիվ էր. ես տալիս էի նման հրամաններ, սակայն ինչու այդ հրամանները չկատարեցին Խոջալուում, ես չգիտեմ: Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները»: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»:
Մի բան ակնհայտ է, որ հայկական կողմը ոչ մի գործողություն չի կատարել, որը կարելի է որակել ցեղասպանություն:
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում