Լաչինի ազատագրումով Արցախն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ
Նմանատիպ
1992թ-ի մայիսի 18-ին Լաչինի ազատագրումով բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Այդ հաղթանակին տարբեր անուններ են տրվել’ ստեղծվեց Հայաստան-Արցախ ցամաքային կապը’ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին, բացվեց մարդասիրական միջանցքը, հույսի կամուրջը, հարթվեց կյանքի ճանապարհը, Լեռնային Ղարաբաղն ազատ շնչելու հնարավորություն ունեցավ…
Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով’ «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Ինքնաթիռների թռիչքներն էլ հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից:
Կենսական կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը ԼՂՀ ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են Ստեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո 1992-ի մայիսի 17-ից 18-ը:
Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը իրականացվելու էր մայրուղու աջ և ձախ թևերում։ Ռազմական գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի,Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանից ինչպես նաև Հայաստանից կամավորական տարբեր ջոկատներ և ականանետային խմբեր։
Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին էլ ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Լաչին, ապա դուրս եկել ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»:
Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը ծրագրել է հոկտեմբերին խոշոր հարձակում իրականացնել միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը: Հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ:
Այնուհետև հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումը, ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը:
Նշենք, որ Լաչինը Քաշաթաղի շրջկենտրոնն է:«Լաչին» թարգմանաբար նշանակում է «Սպիտակ արծիվ»: Ներկայում ԼՂՀ-ի հարավ-արեւմտյան այս շրջանի համար կարեւորագույն հարցեր են վերաբնակեցումն ու տնտեսության զարգացումը:
Հրաչուհի Ալմաստյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում