Կիեւում ընդդիմության ղեկավարները վերջնագիր են ներկայացրել Յանուկովիչին՝ սպառնալով «այլեւս չխնայել կյանքերը»
Նմանատիպ
Ուկրաինական ընդդիմության ղեկավարները, որոնց «Եվրամայդանի» մեծ մասը մեղադրել է անվճռականության մեջ, հունվարի 22-ին մի քանի ցուցարարների զոհվելուց հետո հայտարարել են, որ մարդկանց հետ «գնդակների դեմ» կգնան, եթե նախագահ Յանուկովիչն անհապաղ զիջումների չգնա:«Ես ամեն ինչ կանեմ: Եթե հարկավոր լինի գնդակների դեմ գնալ, ես կգնամ»,- Մայդանում կայացած հերթական «ժողովրդական վեչեում» հայտարարել է ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընդդիմության ղեկավարները դժգոհ են մնացել նախագահ Յանուկովիչի հետ նախօրյակին կայացած հանդիպումից եւ վերջնագիր են ներկայացրել իշխանություններին:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը Մայդանի բեմահարթակից նախագահից պահանջել է ընդդիմության պահանջները կատարել մեկ օրվա ընթացքում: «Կյանքերը խնայելու համար մեզ մնացել է 24 ժամ: Ես խայտառակված չեմ ապրի: Վաղն առաջ ենք գնում»,- հայտարարել է նա:
Այդ 24 ժամվա ընթացքում, ըստ Յացենյուկի, նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է պաշտոնաթող անի կառավարությանը եւ ինքն էլ հրաժարական տա՝ հայտարարելով վաղաժամկետ ընտրություններ:
Ընդդիմության առաջնորդները Մայդանի «ժողովրդական վեչեին» եկել էին նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններից հետո: Յանուկովիչը կիրակի օրվանից խուսափում էր ընդդիմադիրների հետ հանդիպումներից՝ բանակցելու ուղարկելով աշխատանքային խմբին՝ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուեւի գլխավորությամբ: Նախօրյակին՝ Գրուշեւսկի փողոցում բախումների ընթացքում ցուցարարների զոհվելուց հետո, նախագահը բանակցությունների սեղանի շուրջ նստեց Կլիչկոյի, Յացենյուկի եւ Տյագնիբոկի հետ: Ընդդիմադիրները խիստ դժգոհությո? ?ն են հայտնել այդ հանդիպման արդյունքներից: «Հարցին՝ պատրաստվում է արդյոք նախագահը քննարկել վաղաժամկետ ընտրությունները, պատասխան չի ստացվել»,- «Եվրամայդան»-ին պատմել է Կլիչկոն:
«Տպավորություն է ստեղծվում, որ նախագահը չի պատրաստվում լուծել քաղաքական ճգնաժամը»,- հավելել է նա:
«Յանուկովիչին այցելելը բացարձակապես ոչինչ չտվեց»,- Մայդանի հարթակից ասել է Օլեգ Տյագնիբոկը:
Նախագահի մամուլի ծառայությունը հանդիպումը գնահատել է որպես «բանակցությունների առաջին փուլ»՝ ոչինչ չհաղորդելով զրույցի բովանդակության մասին:
Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդները պլանավորում են վերստին հանդիպել նախագահի հետ, բայց բանակցությունների հետ առանձնակի հույսեր չեն կապում:
Նախօրյակին ընդդիմադիրները հայտարարել են այլընտրական խորհրդարանի՝ Ժողովրդական ռադայի ստեղծման մասին: Դրանում ժամանակի ընթացքում, բողոքի ակցիայի ղեկավարների մտահղացմամբ, կընդգրկվեն Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններից տարբեր մակարդակների ընտրովի մարմինների ընդդիմադիր պատգամավորները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում