Ադրբեջանը չի ֆինանսավորի TAP գազամուղը եւ ԵՄ հետ ասոցացման մեջ չի մտնի. Իլհամ Ալիև
Նմանատիպ
Ադրբեջանը մտադիր չէ ֆինանսավորել Անդրադրիատիկ գազատար խողովակաշարի շինարարությունը (TAP): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ետնաբեմում «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:Նա նշել է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ աղբյուրներից պետք է ֆինանսավորվի նախագիծը: «Դեռ վաղ է խոսել նախագծի ֆինանսավորման մասին: Որոշում դեռեւս չի ընդունվել: Հավանաբար, ֆինանսավորումը կկատարեն ընկերությունները», -ասել է նա: Ֆինանսավորմանը Ադրբեջանի մասնակցության մասին հարցին Իլհամ Ալիեւը պատասխանել է. «Դեռեւս, ոչ»:
TAP-ն ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու միջանցքի մասն է: Ադրբեջանական «Շահդենիզ 2» հանքահորից գազը Անդրանատոլիական գազատար խողովակաշարով (TANAP) պետք է փոխադրվի Թուրքիա, իսկ այնտեղից TAP խողովակաշարով’ Իտալիա: Նախագիծը ծրագրվում է գործարկել 2018թ.-ին:
Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ չեն դիտարկում Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը, սակայն, կարող են քննարկել ռազմավարական գործընկերության տարբերակը: «Մենք չենք ծրագրում ասոցացման փոխհարաբերությունների մակարդակ Եվրամիության հետ: Եթե լինեն համագործակցության այլ ձեւաչափեր, օրինակ, ռազմավարական գործընկերություն, այն ժամանակ, իհարկե, մենք կարող ենք դա քննարկել»,- ասել է Ալիեւը:
Ալիեւի խոսքով’ իրենք կանգնած չեն ԵՄ-ի եւ Մաքսային միության հետ համագործակցության միջեւ ընտրության առաջ: «Մենք համագործակցում ենք եւ ՄՄ եւ ԵՄ անդամների հետ»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում