Ադրբեջանը շոու է անում ու ինքն իրեն հիմար վիճակի մեջ է դրել. Դավիթ Բաբայան
Նմանատիպ
Զինված ուժերում կամավոր ծառայության կոչ անելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաև անիմաստ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ա դրբեջանի ՊՆ հայտարարությանը, որով կոչ է արվում ցանկացողներին կամավոր զինվորագրվել և ծառայության անցնել ադրբեջանական զինված ուժերում: «Ես այս քայլի մեջ պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում, քանի որ նման դեպքերում այսպիսի բացահայտ քայլերի չեն դիմում, հակառակը՝ փորձում են հավաստիացնել հակառակորդին, որ ամեն ինչ լավ է, իսկ սա ուղղակի շոու է, որով Ադրբեջանն ինքն իրեն աննորմալ վիճակի մեջ է դնում»,- նշեց Բաբայանը:Դավիթ Բաբայանի խոսքով, Ադրբեջանը նման քայլով ցույց է տալիս, որ բանակում բազմաթիվ խնդիրներ կան: «Հակառակ դեպքում, ի՞նչ է նշանակում կամավոր զորակոչ, եթե կա պետություն, կա բանակ և համապատասխան զորակոչային տարիք: Սովորաբար նման քայլի դիմում են արդեն սկսված պատերազմի դեպքում, որը հրահրվել է ագրեսոր երկրի կողմից, իսկ այս դեպքում նման բան չկա, և կրկնում եմ’ Ադրբեջանն ինքն իրեն հիմար վիճակի մեջ է դնում»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով, Ադրբեջանի այս քայլը նաև գումարներ աշխատելու լավ միջոց է. մարդկանց կամավորի տակ կհավաքեն կտանեն զինկոմիսարիատներ, նրանցից մեծ գումարներ կպոկեն և բաց կթողնեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ադրբեջանական զինված ուժերում ծառայության անցնել ցանկացողներին կոչ է արել դիմել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարությանը: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ծառայության համար կարող են դիմել նաև դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, ովքեր ժամանակին պայմանագրային հիմունքներով ծառայել են բանակում, սակայն ոչ պատշաճ արարքների համար հեռացվել են զինված ուժերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում