Ուկրաինայի արդարադատության նախարարը նախազգուշացրել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին
Նմանատիպ
Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը նախազգուշացրել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա լույս հունվարի 27-ի գիշերն արել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում: Լուկաշն ասել է, որ եթե ընդդիմադիր ակտիվիստներն անհապաղ չազատեն ավելի վաղ գրավված արդարադատության նախարարության շենքը, ինքը կդիմի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին՝ Ուկրաինայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու խնդրանքով: Բացի այդ, նա խոստացել է դիմել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ընդդիմության հետ բանակցությունները դադարեցնելու պահանջով:
Նախարարը պարզաբանել է, որ հունվարի 26-ին գրավված շենքում աշխատանք էր տարվում երկրում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար: Մասնավորապես, քննարկվում էին համաներման եւ Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցերը:
Մինչդեռ, ինչպես հաղորդել է «Հինգերորդ ալիքը», նախարարության շենքը գրավողների ներկայացուցիչ Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, թե ակտիվիստները չեն պատրաստվում ազատել այն, քանի որ անօրինական են համարում երկրի կառավարությունը: Միեւնույն ժամանակ նա խոստացել է, որ նախարարության աշխատողներին թույլ կտրվի մտնել շենք:
Հաղորդվում է, որ գիշերը ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եղել է գրավված շենքում եւ խնդրել «Սպիլնա սպռավա»-ի ակտիվիստներին՝ ազատել այն, բայց մերժում է ստացել:
«Սպիլնա սպռավա» («Ընդհանուր գործ») ընդդիմադիր կազմակերպության ակտիվիստներն Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը գրավել են հունվարի 26-ի երեկոյան: Շենքի մոտ նրանք բարիկադներ են կանգնեցրել: Ավելի վաղ այդ կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարության եւ ագրարային քաղաքականության նախարարության շենքերի գրավման մասին:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած ընդհարումների մասին, որոնց հետեւանքով տուժել են միլիցիայի 18 աշխատակիցներ: Ձերբակալվել է 37 մարդ:
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի շենքի մոտ ընդհարումներն սկսվել էին հունվարի 26-ին կայացած «ժողովրդական վեչեից» հետո: Վարչական շենքերը գրավելու փորձեր են տեղի ունեցել Ուկրաինայի նաեւ այլ քաղաքներում: Զապորոժիեում բախումների ընթացքում ձերբակալվել է շուրջ 30 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում