Վրաստանի հայ համայնքը Մարգվելաշվիլիին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գիրք
Նմանատիպ
Երեկ Թբիլիսիում տեղի Է ունեցել Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և հրեական «Լեա» միջազգային ֆոնդը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից, միջոցառմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչներ:
Մինչև միջոցառման սկսվելը, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Վրաստանի Նախագահին հիշեցրել են այն սպասումների մասին, որոնք ունեն վրացահայերը’ Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Համայքնի ներկայացուցիչները Նախագահին նվիրեցին «Հայոց Ցեղասպանությունը 1914-1918թ.թ. վրացական պարբերականներում» արխիվային նյութերի ժողովածուն: Այդ ժողովածուն լույս է տեսել 2011թ.-ին’ Վրաստանի հայ համայնքի ուժերով: Այնտեղ հավաքված են այն նյութերը (հոդվածներ, հաղորդագրություններ, նամակներ և այլն), որոնք հրատարակվել են վրացական մամուլում Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին:
Գիորգի Մարգվելաշվիլին չի պատասխանել բարձրացված հարցին:
Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերին, ինչից հետո ելույթ է ունեցել Վրաստանի Նախագահը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել այն պատասխանատվությանը, որը դրված է ժամանակակից մարդկության վրա’ ցեղասպանությունները չթույլատրելու, կանխելու հարցում:
«Երբ մարդը վախենում է ինքն իրենից, դա, երևի ամենասարսափելին է, ինչ կարող է կատարվել: Դա մարդկությանը բերեց հսկայական ցավ: Մարդը տեսավ, որ իր ամենամեծ թշնամին հենց ինքն է: Բոլորը տեսան, որ այն դժոխքը, որը գոյություն ունի մարդու հոգեբանության մեջ, կարող է նաև դուրս պրծնել’ չնայած մշակույթին, չնայած քաղաքակրթության ձեռքբերումներին: Եվ հոգեբանության մեջ գոյություն ունեցող այդ դժոխքը, կարող է դժոխքի վերածել ամբողջ աշխարհը: Հոլոքոստից հետո մարդը գիտակցեց, որ ինքն իր համար ավելի սարսափելի է, քան ցանկացած թշնամի: Այդ ողբերգությունը մարդկությունը շատ դժվար հաղթահարեց: Որովհետև հայտնի դարձավ, որ այն չարությունը, որ, ցավոք, կա մարդու մեջ, պետք է դադարեցվի և անթույլատրելի դառնա: Դրանում կարևոր է ներքին կարգապահության, մշտական հոգեկան աշխատանքի, պետության օգնության դերը: Չի՛ կարելի ոչ մի վայրկյան թույլ տալ, որպեսզի այդ չարությունը դուրս գա, հայտնվի, սաստկանա: Եթե մարդն ու հասարակությունը ուղղված չլինեն նման հանցագործությունների կանխման դեմ, ապա այդ չարությունը անպայման ցույց կտա իրեն: 20-րդ և 21-րդ դարերը սովորեցնում են մեզ, որ չի կարելի ոչ մի րոպե գլուխ ի ջեցնել, և չի կարելի նույնիսկ մեկ վայրկյանի մաս ընդունել, որ փոքրամասնությունը թեկուզ ինչ-որ մի բանում լինի սահմանափակված, խտրականացված», -հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում