Օլանդը կոչ է արել Թուրքիային առերեսվել պատմության հետ
Նմանատիպ
Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ Անկարայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «հաշտություն և համաձայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել 1915 թ-ի իրադարձությունները», իսկ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում»:
«Պատմությունը ճանաչելու համար տարվող աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց դա պետք է արվի խաղաղություն եւ հաշտություն ապահովելու համար: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցն է, հետո’ 2015-ն է: Պետք է անենք ճիշտն ու իրավականը, եւ դա այնպես անենք, որ բոլորը հասկանան թեման: Դրա հետ կապված Ֆրանսիայում օրենք է ընդունվել, 2008 թ-ին շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում», -ասել է Օլանդը:
Անդրադառնալով Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցության հարցին, Ֆրանսիայի նախագահն ասել, որ Թուրքիայի և ԵՄ միջև շարունակվող բանակցությունները դեռեւս չեն նշանակում, որ դրանք կավարտվեն լիիրավ անդամակցությամբ: Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը ենթակա է հանրաքվեի Ֆրանսիայում և կախված է այդ հանրաքվեի արդյունքներից:
Թուրքիայի նախագահ Գյուլն իր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված կրկին հայտարարել է, որ այն պետք է թողնել պատմությանը և պատմաբաններին: «Այն տարիների ցավերը ճիշտ չէ փոխադրել սերունդից սերունդ: Պետք է այն թողնել պատմաբաններին: Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները, վերացրել ենք թեման քննարկելու հետ կապված արգելքները: Խնդիրը պետք է լուծել պատմաբանների հետ», -ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում