Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է բողոքի ակցիաների մասնակիցների համաներման օրենքը
Նմանատիպ
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է համաներման մասին օրենքը, որով նախատեսվում է պատասխանատվությունից ազատել բողոքի ակցիաների մասնակիցներին, բացառությամբ նրանց, ովքեր կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ: Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում հունվարի 30-ին այդ որոշումը պաշտպանել են 232 պատգամավորներ՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:Օրենքն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ բողոքի ակցիաների մասնակիցները կազատեն գրավված վարչական շենքերը եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Սա է օրենքի՝ հավանության արժանացած տարբերակի գլխավոր առանձնահատկությունը առաջարկված մյուս նախագծերից: Ընդամենը խորհրդարանում քվեարկության էր առաջարկվում համաներման մասին օրենքի չորս նախագիծ:
Ռադայի կողմից հավանության արժանացած տարբերակի հեղինակը իշխող Ռեգիոնների կուսակցության խմբակցության պատգամավոր Յուրի Միրոշնիչենկոն է: Ավելի վաղ նա հայտարարել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի միայն ցուցարարների կողմից վարչական շենքերի ազատումից հետո (դրա համար նրանց տրվում է 15 օր), սակայն դա չի վերաբերում Արհմիությունների տանը եւ Օկտյաբրսկայա պալատին, որոնք գտնվում են Կիեւի Անկախության մայդանի մոտ:
Իշխող կուսակցության խմբակցությունն այդ փաստաթղթի օգտին քվեարկելու որոշում է ընդունել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Օրենքի ընդունումից հետո Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը փակել է խորհրդարանի արտահերթ նստաշրջանը: Պատգամավորները հաջորդ անգամ նիստ կգումարեն փետրվարի 4-ին:
Օրենքն ընդունվել է առանց քննարկման: Ընդդիմությունը դեմ է արտահայտվել փաստաթղթի ընդունմանը, պնդելով, որ բողոքի ակցիաների մասնակիցները պետք է ազատվեն առանց նախապայմանների:
Ինչպես հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ընդդիմադիր ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, գիշերը ելույթ ունենալով Անկախության հրապարակում, հայտարարել է, որ նոր օրենքը լարվածություն կառաջացնի հասարակության մեջ:
«Ազատություն» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին շարունակել բողոքի ակցիաները: «Մենք Մայդանի հետ ենք: Իշխանությունները փորձում են գժտեցնել մեզ: Մենք կշարունակենք մեր ակցիաները»,- հայտարարել է Տյագնիբոկը:
Մինչդեռ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում Ուկրաինայի պաշտոնատարների եւ բողոքի ակցիաների ղեկավարների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի Կոնգրեսի անունները չնշված աղբյուրների:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ իրենք պատժամիջոցների պատրաստման հարցը քննարկել են Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Նրանք նաեւ հայտարարել են, որ առայժմ պատժամիջոցների փաթեթի մանրամասները մշակված չեն, բայց դրանք կարող են օպերատիվ կերպով կիրառվել բռնությունների սաստկանալու դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում