Վիրահայոց թեմը կառավարության հատկացրած գումարով նախատեսում է լուծել կրթամշակութային և սոցիալական խնդիրները
Նմանատիպ
Տարիների երկար եւ համառ աշխատանքի արդյունքում Վրաստանում գործող կրոնական ավանդական 4 համայնքները’ Հայ առաքելական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, հրեական եւ իսլամական համայնքները այսուհետև կստանան մասնակի փոխհատուցում Խորհրդային Միության ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցուց կրած կորուստների դիմաց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ կրոնական չորս համայնքներին հատկացվել է 4.5 միլիոն լարի, սակայն այդ գումարն առայժմ բաշխված չէ:«Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե վրացական կառավարությունը նախատեսված գումարը երբ կտրամադրի: Թե ինչի վրա պետք է ծախսվի գումարը, պարզ կդառնա, երբ կառավարությունը ներկայացնի նաեւ ծախսման արտոնություններն ու պահանջները: Վիրահայոց թեմը, բացի եկեղեցական առաքելությունից, իրականացնում է նաեւ կրթամշակութային աշխատանքներ, երիտասարդական ուղղվածության ծրագրեր եւ, բնականաբար, գումարը կծախսվի այդ գործունեության համար: Չի բացառվում, որ գումարն ուղղենք նաեւ սոցիալական որոշակի ծրագրերի լուծմանը: Կա սոցիալապես անապահով խավ, եւ գուցե այդ գումարով լուծենք նրանց բուժման եւ դեղորայքի խնդիրները: Եթե կառավարությունը պահանջներ չդնի գումարի ծախսման հետ կապված, ապա Վիրահայոց թեմը կզբաղվի նաեւ պատմամշակութային արժեքների վերականգնմամբ»,- ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սրբազանի խոսքով, կառավարության այս որոշումն ապացուցում է, որ Վրաստանում կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի եւ դիրքորոշման փոփոխությունն ակնհայտ է: Նա հիշում է, որ նույն հարցով բազմիցս դիմել են Միխեիլ Սաակաշվիլուն, սակայն նրա ղեկավարման տարիներին ընդամենը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որը հնարավորություն տվեց Վիրահայոց թեմին գրանցվել որպես եկեղեցի:
«Նոր իշխանությունները ցուցաբերում են մարդասիրական մոտեցում’ հայտարարելով, որ վրաց ուղղափառ եկեղեցուն գումարներ տրամադրելուն զուգահեռ անտարբեր չեն կրոնական մյուս համայնքների նկատմամբ: Սկսած 2002 թվականից Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից գումարներ է հատկացնում Վրաց պատրիարքարանին’ կրթական, սոցիալական ծրագրերի իրականացման համար: Այդ գումարը տարեցտարի ավելի մեծացավ եւ վերջին տարիներին հասավ 25 միլիոն լարիի, որը համարժեք է 16 միլիոն դոլարին: Այս պարագայում խնդիրն այն էր, որ կրոնական մյուս համայնքների անդամները վճարու մ էին հարկեր, բայց մեկ կրոնական կազմակերպություն էր ստանում օժանդակություն: Այժմ Վրաստանի նոր իշխանությունների պարագայում կրոնական փոքրամասնությունները մերժված եւ անտեսված չեն»,- ասաց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի առաջարկով’ Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ երկրում գործող կրոնական համայնքները’ այդ թվում’ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ֆինանսական օգնություն կստանա երկրի պետբյուջեից: Բացատրելով կառավարության այս քայլը՝ վարչապետ Ղարիբաշվիլին նշել է, որ ֆինանսավորումը կտրամադրվի համամասնորեն’ ըստ չորս կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների թվաքանակի: Մինչ այժմ Վրաստանի պետական բյուջեն ֆինանսավորում էր նախատեսում բացառապես մեկ կրոնական կազմակերպության’ Վրաց ուղղափա ռ եկեղեցու համար’ հիմնվելով վրացական պետության և եկեղեցու միջև 2002 թվականին կնքված սահմանադրական համաձայնագրի դրույթների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում