Երիտասարդ մասնագետ. «Կարելի է հեռավոր գյուղում էլ աշխատել ու գնահատված լինել»
Նմանատիպ
Սաթինե Քալանթարյանը 2013 թվականին ավարտել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Անգլերեն եւ իսպաներեն լեզուների մասնագետ է:
Սաթինեն իր չորրորդ կուրսի ուսումնական պրակտիկան որոշեց անցկացնել Քարվաճառի /Շահումյանի/ շրջանի համայնքներից մեկի դպրոցում: Այդ ժամանակ անգլերենի ուսուցչուհի էր անհրաժեշտ Նոր Մանաշիդ գյուղի դպրոցում: Հենց այդ գյուղ էլ տեղափոխվեց անցած տարվա հունվար ամսին եւ այնտեղի դպրոցում դասավանդեց մինչեւ ուսումնական տարվա վերջը, մայիս ամիս: Ուսումնական տարվա ավարտից հետո նա հետ վերադարձավ Երեւան’ ավարտական քննություններ հանձնելու եւ դիպլոմ ստանալու համար:
Այս տարի եւս որոշեց անպայման վերադառնալ շրջան ու իր գիտելիքներով ինչ-որ կերպ օգտակար լինել տեղի դպրոցականներին: Նոր Մանաշիդ գյուղի դպրոցում անգլերենի ուսուցչուհի այժմ կա, եւ Սաթինեն այս տարվա փետրվարի 1-ից դասավանդում է շրջանի Դադիվանք եւ Չարեքթար գյուղերի դպրոցներում:
«Անցած տարվանից, երբ որ առաջին անգամ եկա այստեղ, շատ հավանեցի, եւ անպայման ուզում էի նորից այս շրջանում աշխատել: Ինձ այստեղ դուր է գալիս, շատ հանգիստ եմ ինձ զգում», ասում է Սաթինեն: Նա այժմ բնակվում է Դադիվանք գյուղում, շաբաթվա մեջ երեք օր դասավանդում է Դադիվանքի դպրոցում, երեք օր` Չարեքթարի: «Այստեղի երեխաները հո մեղավոր չե՞ն, որ այստեղ են ծնվել: Նրանք էլ կրթության իրավունք ունեն: Կարելի է հեռավոր գյուղում էլ աշխատել ու գնահատված լինել», համոզված է երիտասարդ ուսուցչուհին:
Ինչպես որ Նոր Մանաշիդը, այնպես էլ Դադիվանքը, Սաթինեին շատ է դուր գալիս: Սիրում է բնությունը, աղմուկից կտրված լինելու հնարավորությունը: Դադիվանք եկեղեցին առանձահատուկ հմայք է հաղորդում գյուղին. որոշել է ամեն կիրակի այցելել վանք, չնայած որ այն դեռեւս գործող չէ, բայց այնտեղ կարելի է առանձնանալ, ընթերցել, նկարել:
Չնայած ընտանիքից ու ընկերներից հեռու է, կենցաղային մի շարք խնդիրներ է հաղթահարում, սակայն Քարվաճառի շրջանում աշխատելու ցանկությունն ավելի մեծ է:
Դադիվանք եւ Չարեքթար գյուղերում անգլերենի ուսուցչուհի չի եղել, եւ տեղի երեխաներն անգլերեն սովորելու հնարավորություն չունեին: Երիտասարդ ուսուցչուհին պլանավորում է դասավանդել ոչ միայն այս ուսումնական տարում, այլեւ մնալ այստեղ նաեւ եկող տարի: «Դրանից հետո չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց առաջիկայում պլանավորում եմ այստեղ աշխատել», մեզ հետ զրույցում ասաց Սաթինեն:
Նշենք, որ Սաթինեն միակ երեւանաբնակ երիտասարդը չէ, ով ցանկություն է հայտնել ապրել եւ աշխատել ազատագրված տարածքում: Բարձրագույն կրթութուն ստացած մի շարք երիտասարդներ հետաքրքրված են ազատագրված տարածք, մասնավորապես Քարվաճառ տեղափոխվելու հեռանկարով, եւ այժմ փորձում են կացարանի եւ աշխատանքի խնդիրները կարգավորել:
Թամարա Գրիգորյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում